
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա
Ղազարյանը Պարոն Ղազարյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ ռազմագերիների վերադարձի հարցում ՀՀ իշխանությունները թույլ են տվել սխալներ, որոնցից մեկն այն է, որ մեր դիվանագիտությունը նաև ողջ Սփյուռքը չեն կարողացել ներգրավել այդ գործընթացում: Մենք իսկապե՞ս գերիների վերադարձի հարցում ամեն հնարավորն արել ենք, թե ոչ:
Եթե խոսքն իրավական գործընթացի մասին է, ապա հնարավորն արված է, ամեն ինչ ճիշտ է արվել, որևէ սխալ ես չեմ հանդիպել: Իսկ դա ընդհանուր բնույթի հայտարարություն է, պետք է կոնկրետ փաստ կամ տվյալ նշեր, որ կարողանայինք հասկանալ: Հակառակ դեպքում դա շատ ընդհանրական գնահատական է, ի՞նչ է նշանակում Սփյուռքի ներգրավում:
Նշել էր, որ Ադրբեջանի դեսպանատների մոտ պիկետներ կազմակերպվեն, միջազգային հանրության ուշադրությունը սևեռեն գերիների խնդրի վրա:
Բայց դա չի նշանակում, որ արդյունք կունենանք: Ադրբեջանը դիտավորյալ ամբողջ խնդիրը տարավ իրավական դաշտ, որպեսզի ապահովի դրա անձեռնմխելիությունը: Իսկ արդյոք կօգնե՞ն այդ պիկետները: Պատերազմի ժամանակ էլ պիկետներ էին անում, փողոցներ էին փակում, բայց որևէ արդյունք դա չտվեց: Այնպես որ, դա իրավական գործընթացին տված գնահատական չէ:
Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ դատավճիռներ են հրապարակվում: Դրանքորևէ բան նշանակո՞ւմ են, թե ոչ, և մենք ինչ քայլեր պետք է անենք իրավական առումով այդ վճիռները չեզոքացնելու համար:
Այդ վճիռները շատ լուրջ թերություններ ունեն. մասնավորապես, մեղադրանքից պաշտպանվելու իրավունքները պաշտպանված չեն: Հիմա իրենք փորձում են մի քիչ իմիտացիա անել, հրապարակային դատավարության փաստեր կան, առաջ ընդհանրապես որևէ բան չէին անում: Մնացածն արդեն կապված կլինի նրանից, թե եթե մեղադրյալներին հնարավորություն տրվի զանգահարել իրենց հարազատներին, կամ հայ փաստաբաններին, շատ բան կպարզվի թե դատավարությունն ինչպես է անցել: Բայց որպեսզի դա տեղի չունենա, դրա համար Ադրբեջանը կապի հնարավորություն չի տալիս, իսկ դա ազդում է դատավարության լեգիտիմության վրա: Մեղադրյալը պետք է հնարավորություն ունենա ազատորեն շփվելու արտաքին աշխարհի հետ, եթե նա կալանքի տակ է գտնվում: Դա նախաքննության փուլը չէ, որի ժամանակ հնարավոր է սահմանափակել հարազատների հետ կապը: Եվրոպական դատարանը սահմանել է կոնկրետ Սարիբեկյանի դատական ակտով, որ պետք է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ: Ես չգիտեմ՝ Հայաստանի իշխանությունները դիմել են Ադրբեջանի իշխանություններին, թե ոչ, բայց բոլոր դեպքերում այդ դատավարություններ իրենց մեջ լուրջ թերություններ ունեն: Ամենակարևորը դա չի կարելի անվանել հրապարակային դատավարություն: Եթե մեղադրյալին հնարավորություն չի տրվում արտաքին աշխարհի հետ շփվելու, դա հրապարակային դատավարություն չի: Հրապարակային դատավարությունը որոշիչ նշանակություն ունի դատավարության արդարության վրա: Նպատակն այն է, որ դատարանները վակուումում չաշխատեն: Մենք տվյալ դեպքում ունենք դատական գործընթաց, որը վակուումի մեջ է գտնվում, մեղադրյալներին պահում են վակուումի մեջ:
Ալիևը խոսում է խաղաղության պայմանագրից: Որքանո՞վ է դ աիրատեսական, երբ մեր գերիներին այսպիսի պայմաններում են պահում, անգամ շփման հնարավորություն չկա հարազատների հետ:
Կարելի է մտածել, որ այս երկու երևույթներն ինչ-որ տեղ փոխարկելի են: Բայց Հայաստանը խաղաղության պայմանագրի համար պետք է պայման դնի, որ բոլոր գերիները պետք է հայրենադարձվեն: Բայց նրանք այլևս չեն կարող հայրենադարձվել, որովհետև գործն արդեն մտել է դատարան: Ամենաշատը կարող են պահանջել, որ էքստրադիցիայի ենթարկվեն և պատիժը կրեն Հայաստանում: Ես չեմ կարծում, որ դա շուտով տեղի կունենա:
Ըստ էության, գերիների հարցը փակուղի է մտե՞լ: Փակուղի մտել է գուցե նրանց շուտափույթ վերադարձի հարցը, գուցե դեռ ռեսուրսներ կան, ես չգիտեմ: Բայց որևէ դեպքում փակուղի չի մտել, ցանկացած պահի իրավական գործընթացը թույլ է տալիս էքստադիցիայի ենթարկել նույնիսկ այն անձանց, որոնք դատապարտվել են: Ի վերջո նրանք կարող են արդարացվել կամ դատապարտվելուց հետո էքստրադիցիայի ենթարկվել, որ պատիժը կրեն Հայաստանում: Դա կարող է ձևական բնույթ կրել, բայց դա կբխի այդ մարդկանց իրավունքից:
Վերջերս էլ Լավրովն էր ՄԱԿ-ի հանձնակատարի հետ գերիների հարցով խոսել: Ճնշումն Ադրբեջանի վրա մեծանում է, տեսեք, արդեն Եվրոպայի խորհուրդը հատուկ գերիների հարցով հանձնակատար է ուղարկում Ադրբեջան: Իսկ հանձնակատարը նշանակում է փաստահավաք առաքելություն: Այսինքն նրանք պետք է այցելեն նաև Հայաստան, հանդիպեն գերիների փաստաբաններին, հարազատներին, , և այդ ամբողջն, ի վերջո, ներկայացվելու է ԵԽԽՎ-ում: Այդ ամբողջ գործընթացը բարենպաստ արդյունք է թողնելու, ուղղակի երկարաժամկետ կտրվածքով: Բնականաբար, միջազգային հանրությունն աստիճանաբար մեծացնում է ճնշումը, որովհետև անթույլատրելի է պատերազմական գործողություններին մասնակցած անձանց դատապարտել զուտ նրա համար, որ նրանք մասնակցել են պատերազմին:
Աղբյուր՝ mediaroom.am