ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստ է 5 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում երիտասարդների հետ աշխատելու, ՛՛հասարակության մեջ ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջխաղացման համար՛՛: Այս մասին ասված է դրամաշնորհի նկարագրության մեջ, տեղեկացնում է RT-ն։

Փաստաթղթում նշված է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հայ երիտասարդները բավականին ակտիվ մասնակցել են նաև երկրի քաղաքական կյանքին: Մասնակցությունը ցայտուն դրսևորվել է հատկապես 2018 թվականին հանրապետությունում այսպես կոչված թավշյա հեղափոխության ժամանակ։

Նշվում է, սակայն, որ ներկայումս Հայաստանի բնակչության ներգրավվածությունը քաղաքականության հետ կապված հարցերում հիմնականում արտահայտված է քվեարկությանը մասնակցելու, իշխանությանը հրապարակավ քննադատելու կամ դրան չենթարկվելու հնարավորությամբ։

Ինչպես կարծում են ամերիկացի մասնագետներ՝ երկրում անհրաժեշտություն է ձևավորվել հասարակայնությանն իրազեկելու այն ինստիտուտների աշխատանքի մասին, որոնց օգնությամբ մարդը կարող է արտահայտել իր հայացքները կամ դժգոհությունը:

USAID-ում նշում են, որ իրենց նոր նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի երիտասրդությանը ՛՛կոլեկտիվ գործողությունների մեջ ներգրավելուն, որպեսզի այն ազդի պետական քաղաքականության վրա և կառավարությանը պատասխանատվության ենթարկի՛՛:

«Միջոցառման նպատակն է երիտասարդությանը (10-29 տարեկան) ներգրավել հայ հասարակության մեջ ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջմղմանը»,-ասված է փաստաթղթում:

Նշվում է նաև, որ  այս գործունեությունը երիտասարդ տղաներին և աղջիկներին «ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներին անհրաժեշտ» պատասխանատվության զգացում կսերմանի և թույլ կտա ակտիվորեն մասնակցել քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանում «ժողովրդավարական ինստիտուտների աջակցությանը»:

134