AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր), «Իրանական պատմաբանասիրություն» մագիստրոսական ծրագրի մագիստրոս Մելսիդա Գրիգորյանն է:

Մելսիդա, ինչպե՞ս նախապատվությունը հենց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության  բաժնին տվեցիք:

Ինչպես ասում էր Կարմիր բանակի զինծառայող Սուխովը «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում (1970)՝ «Восток- дело тонкое!»։ Այս խոսքերի էությունը թեև պարզ, բայց չափազանց խորն է։ Արևելքի ժողովուրդների հետ շփումը պահանջում է գիտելիքներ նրանց կրոնի, սովորույթների, հոգեբանության, և այլ նրբությունների մասին: Արևելքի հետ ցանկացած հարաբերություն կառուցելու համար պետք է հստակորեն տիրապետել այդ նրբություններին։ Արևելքի ժողովուրդների պատմության, մշակույթի, կրոնի, լեզվի նկատմամբ սերը և հետաքրքրությունը ստիպեցին ինձ ընդունվել Արևելագիտության ֆակուլտետ։ Արևելքի ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ժամանակակից աշխարհում, քանի որ այսօր գերտերությունների շահերը բախվում են հենց այդ տարածաշրջանում։ Հայկական արևելագիտությունը կենտրոնացած է երեք ուղղությունների վրա՝ Արաբագիտություն, Թյուրքագիտություն և Իրանագիտություն։ Հաշվի առնելով հայ-իրանական բազմադարյա  քաղաքական, պատմական և մշակութային առնչությունները, արդյունավետ հաղորդակցությունը տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության բնագավառներում և դրանց հեռանկարները որոշեցի մասնագիտանալ հենց իրանագիտության ոլորտում, որը հնարավորություն տվեց խորապես ուսումնասիրել և հասկանալ Իրանը։ Անհերքելի է այն փաստը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար ունի կենսական կարևորություն և ուստի Իրանագիտությունը ունի ռազմավարական նշանակություն։  

Ի՞նչ առարկաներ են ուսումնասիրում ապագա իրանագետները: Դրանցից որո՞նք են օգնում  ուսանողի հետագա ուսումնառության շրջանում:

Իրանագիտությունը միջդիսցիպլինար գիտություն է, քանի որ նրանում միահյուսված են տարբեր գիտաճյուղեր։ Ապագա իրանագետը պարտավոր է իմանալ պարսկերեն, Իրանի պատմություն, գրականություն, մշակույթ, Իրանի երկրագիտություն, իսլամագիտություն, ինչպես նաև իմացություն Իրանի էթնիկ-դավանաբանական կազմի, իրանական բարբառների և այլ նմանօրինակ հարցերի շուրջ։ Ուսանողը հնարավորություն ունի ընտրել և սովորել մեկ այլ իրանական լեզու, որոնցից մի քանիսի հարցում ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը ունի մենաշնորհային դիրք, ինչպիսին են կովկասյան պարսկերենը, թալիշերենը, քրդերենը, աֆղաներենը։

Բոլոր առարկաների իմացությունը պարտադիր է, քանի որ բոլորը շաղկապված են և լրացնում են միմյանց։ Հատկապես կարևոր է Իրանի պատմության իմացությունը, որը հնարավորություն է տալիս ուսանողին հասկանալ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը և զարգացնում է վերլուծական կարողությունները։ Առանց պատմության իմացության անհնար է առաջ շաժվել։ Կարծում եմ, դա նույնն է, ինչ ծառը առանց արմատի, որը չի կարող աճել։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտը ո՞ր ոլորտներում կարող է աշխատել:

Իրանագիտության ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու դիվանագիտական տարբեր գերատեսչություններում, քաղաքական դաշտում, վերլուծական կենտրոններում, ՀՀ անվտանգային կառույցներում ինչպես նաև ծավալել գիտական գործունեություն, կատարել թարգմանություններ, զբաղվել դասավանդմամբ։ Կարծում եմ՝ նախասիրության խնդիր է, ոմանց հետաքրքրում է լեզուն և գրականությունը, ոմանց կրոնագիտութունը, քաղաքականությունը և պատմությունը։

Ի՞նչ լեզուներ են ուսումնասիրում ապագա իրանագետները: Ձեր կարծիքով իրանագետի համար հատկապես ո՞ր լեզուների յուրացումն է առանցքային:

Իրանագետի համար, առաջին հերթին, առանցքային նշանակություն ունի պարսից լեզվի ուսումնասիրությունը, քանի որ պարսկերենը «պարսից ժողովրդր հայելին է», առանց որի դժվար է պատկերացնել կամ հասկանալ Իրանը և իրանցիներին։ Պարսից լեզուն գրավոր տեսքով ունի 2500 տարվա պատմություն և պատմականորեն այն բաժանվում է երեք շրջափուլի՝ հին պարսկերեն, միջին պարսկերեն և նոր պարսկերեն։ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը աշխարհի այն քիչ կենտրոններց է, որտեղ միանգամից ուսումնասիրվում և դասավանդվում են երեք փուլերը։ Պարսկերենի ուսումնասիրումը Հայաստանում ունի հարյուրամյա պատմություն և սա պատահական չէ, քանի որ իրանագիտությունը և հայագիտությունը չափազանց սերտ ոլորտներ են և պարսից լեզվի պատմության ուսումնասիրությունը բավականին բարդ է առանց հայերենի մատուցած տվյալների ուսումնասիրության։

Արդեն նշեցի, որ ուսանողները հնարավորություն ունեն ընտրել և սովորել այլ իրանական լեզուներ ևս, ինչպիսիք են կովկասյան պարսկերենը, թալիշերենը, աֆղաներենը և քրդերենը, որոնցից երկուսը՝ կովկասյան պարսկերենը և թալիշերենը, խոսվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում և որոնց ուսումնասիրությունը կարևոր է՝ հաշվի առնելով ՀՀ աշխարհաքաղաքական շահերը և աշխարհագրական դիրքը։

Առանցքային նշանակություն ունեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը, քանի որ մասնագիտական գրականությունը հասանելի է հենց այս լեզուներով։  

Ո՞ր հաստատություններում են իրենց փորձաշրջանն (պրակտիկա) անցնում ձեր բաժնի ուսանողները:

Արևելագետները փորձաշրջան են անցնում պետական տարբեր կառույցներում, գիտակրթական և վերլուծական կենտրոններում և այլն։

Ինչպե՞ս նախապատվությունը հենց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Իրանական պատմաբանասիրություն մագիստրոսական կրթական ծրագրին տվեցիք: Ի՞նչ հմտություններ եք ձեռք բերել այդ կրթական ծրագրի շրջանակներում:

Ի սկզբանե նպատակս էր հմտանալ իրանագիտության ոլորտում և այդ իսկ պատճառով չէի ցանկանում փոխել մասնագիտական դաշտը։ Հիմնականում ուսումնասիրությանս շրջանակը ներառում է Իրանի մերձավորարևելյան քաղաքականությունը, անուղղակի հակամարտությունները, Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները և այլն։ Կարծում եմ, մագիստրոսական ծրագիրը ինձ հնարավորություն է տվել խորապես հասկանալ Իրանը, Իրանի պետական կառավարման համակարգը, Իրանի մերձավորարևելյան քաղաքականությունը։ Գիտելիք ստանալուն զուգահեռ փոխվում է անհատի աշխարհայացքը, զարգանում է քննադատական- վերլուծական հմտությունը։ Այս տեսանկյունից ես արժևորում եմ բոլոր դասախոսներիս, որոնք ունեն իրենց ներդրումը իմ կրթության և զարգացման գործում։

Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, ապա մագիստրատուրայի կրթական ծրագրում ի՞նչ փոփոխություններ կկատարեիք:

Եթե հարցին անդրադառնանք գլոբալ տեսանկյունից, ապա ՀՀ կրթական համակարգի առջև ծառացած մարտահրավերներից է այն, որ մասնագիտությունները, որոնք այսօր կան կրթական ծրագրերում մեծամասամբ հին են: Ուստի հարատև փոփոխվող աշխարհում մրցունակ լինելու համար անհրաժեշտ է քայլել ժամանակին համընթաց: Բուհերի շրջանավարտները հիմնականում ստանում են դիպլոմ և ոչ պրոֆեսիոնալ կրթություն, որը համարում եմ ազգային աղետ։ Կրթությունը պետության հիմքն է և պետության գերակա նպատակը պետք է լինի ուսանողին որակյալ կրթութամբ ապահովելը։ Մեր հանրապետությունում կրթության որակի բարելավման ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն շարունակական և պետք է ավելացվեն այն ֆինանսական միջոցները, որոնք ուղղվում են կրթության ոլորտի կազմակերպմանը:

Եթե անդրադառնանք «բացերին», ապա ընդհանուր առմամբ պետք է փոխել ուսանողի մոտեցումը դիպլոմային աշխատանքի կամ թեզի նկատմամբ, պետք է լրջագույնս մոտենալ թեմայի ընտրությանը և հետագայում նաև պաշտպանությանը։ Թերևս կարելի է ներդնել որոշ մեխանիզմներ, որոնք կպարտադրեն ուսանողին աշխատել, զարգանալ և սովորել։ Այս համատեքստում ուշադրություն է պետք դարձնել նաև թեմաների արդիականությանը։ Բացակայում են ակադեմիական ազնվության ապահովման մեխանիզմները, ինչը կարող է ազդել հետազոտությունների որակի վրա։ Սրանք, իհարկե, համատարած խնդիրներ են։

Իրանի պատմության ո՞ր շրջանն է Ձեզ հատկապես տպավորել:

Իրանը համաշխարհային քաղաքակրթությունների հնագույն օրրաններից է։ Իրանի պատմության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է հատկապես Հայաստանի անկախության ձեռք բերումից հետո, երբ մենք հնարավորություն ստացանք անմիջական շփումների մեջ մտնել մեր հարավային սահմանակից երկրի հետ։

Իրանը հստակ դասակարգված և պաշտոնապես հաստատված պատմական ժամանակաշրջանների բաժանում ունի։ Ես սիրում եմ անդրադառնալ Իրանի Իսլամական Հանրապետության նորագույն շրջանին։ Բոլոր շրջանները կարևոր են, սակայն նորագույն շրջանի ուսումնասիրությունը թույլ է տալիս հասկանալ Իրանի մերձավորարևելյան քաղաքականությունը, հարաբերություններ կառուցելու, որոշումներ ընդունելու մեխանիզմները, Իրանի շահերը և նպատակները տարածաշրջանում։

Ընդունելության քննությունների առարկայացանկի հետ կապված ի՞նչ առաջարկներ կանեիք: Ըստ Ձեզ, իրանագետի համար այն ճի՞շտ է ընտրված:

Կարծում եմ, առարկաները հիմնականում ճիշտ են ընտրված։ Պարզապես պետք է գիտակցել, որ լեզվական կարողությունները իրանագետի համար չափազանց կարևոր են, քանի որ մասնագիտական գրականությունը հիմնականում անգլերեն և ռուսերեն լեզուներով է, որը երբեմն որոշ ուսանողներ դիտարկում են որպես լրջագույն խնդիր։ Ես գտնում եմ, որ դա նոր հնարավորություն է հաղորդակցական հմտությունները զարգացնելու համար։ Խորհուրդ կտամ հավասարապես ուշադրություն դարձնել երկու լեզուներին և չֆիքսվել միայն անգլերենի «շտեմարանային գիտելիքների» վրա։

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտայիք ապագա արևելագետին:

Առաջին հերթին արևելագետը պետք է լինի պետականամետ, իր գիտելիքներով նպաստի ազգի և պետության բարօրությանը և այն ծառայեցնի պետության շահերին։ Մեր ապագա արևելագետներին խորհուրդ կտամ հարգանքով վերաբերել այն մշակույթին և հասարակությանը որի հետ աշխատելու են և որում ապրում են։  Չվախենալ դժվարություններից․յուրաքանչյուր անհատ «չհղկված ադամանդ» է և միայն սովորելով, ինքնազարգմացմաբ կարելի է հաղթանակել և հասնել հաջողության։ Արևելագետներին խորհուրդ կտամ մշտապես ներգրավվել տարատեսակ քննարկումներում և ծրագրերում, որոնց նպատակը երիտասարդների վերլուծական կարողությունների զարգացումն է և իհարկե հաղորդակցվել ավագ արևելագետների հետ։

Օլյա Շահինյան

59057