Վաղ առավոտյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ժամը 04։40-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել Գյումրու Պարոնյան փողոցի տներից մեկի բնակիչ, 70-ամյա Սաթենիկ Ա․-ից, որ դիմակավորված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է իր տան ննջասենյակի պատուհանը, մտել ներս և զենքով ստիպել է իր 70-ամյա ամուսնուն, որպեսզի իրենց մոտ եղած գումարը տան։

Ոստիկանները պարզել են, որ ամուսիններից գումարը ստանալուց հետո դիմակավոր անձը մեկ կրակոց է արձակել 70-ամյա Մեքս Ա․-ի վրա, որը «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հանցագործը տարեց ամուսիններից հափշտակել է 60-ից 70 հազար դրամ։

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք կրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, կատարողին, հանցագործության գործիք հրազենն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
 

1193