
Հայաստանի սպորտային մարմնամարզության միակ ներկայացուցիչ փորձառու Արթուր Դավթյանը Տոկիոյում կայանալիք 32-րդ Օլիմպիական խաղերին հենացատկ մրցաձևում դուրս եկավ եզրափակիչ։
Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Օլիմպիական ավանից կիսվեց տպավորություններով։
Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ելույթ ունեցավ հենացատկ և նժույգ թափեր մրցաձևերում։ Հենացատկում ցնցող ելույթից հետո երկու ցատկերի համագումարով վաստակեց 14,666 միավոր։
«Իհարկե լարվածություն կար, բայց ամեն ինչ լավ անցավ։ Զգացողություններս սովորական էր, ոնց որ միշտ։
Հենացատկների վրա լավ մասնակցեցի, հատկապես հաջող ստացվեց երկրորդ ցատկս։ Առաջին ցատկում մի պուճուր մեծ քայլ արեցի, բայց դե էլի լավ էր։ Կարևորը լավ գնահատական ստացա ու բարձր գնահատականով դուրս եկա եզրափակիչ։
Իմ ամենաուժեղ գործիքը դա հենացատկն է։ Այո, նժույգ թափերին էլ փորձեցինք, բայց այստեղ մասնակիցները շատ բարդ վարժություններ էին անում։ Այդ բարդության պակասն էր, որ չկարողացա դրա տակից դուրս գալ։ Իսկ ինչ վերաբերվում է իմ առջև դրված առաջադրանքին, ես կատարեցի»։
Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության հենացատկի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 2-ին։
Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի