
Այսօր՝ հուլիսի 27-ին, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում դանակով զինված տղամարդը մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:
Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի տեղակալ Վահան Մաթևոսյանը: Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պոետ Ռաֆայել Պողոսյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղաշապատի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի և ավագ քննիչ Անի Մնացականյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Սամվել Տոնոյանն ու ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Դավիթ Բարոյանը: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Էջմիածնի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներից մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մենակ էն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան, իսկ մինչ այդ էլ խանութի աշխատակցուհի Էսլենդային մարմնական վնասվածքներվ էջմիածնի հիվանդանոցի բժիշկների կողմից օպերատիվորեն տեղափոխեցին Էջմիածնի հիվանդանոց, որից հետո ոստիկաններն ու քննիչները տարածքը լենտերով փակեցին, բայց իմացանք, որ ներսում, երբ ճիվաղը հարձակվել է վաճառողուհու վրա, նա դիմադրություն է ցուցաբերել ու մարմնական վնասվածքներ է ստացել»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ներսում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, գետնին թափված դրամներ՝ մեծ մասը արյունոտ, կոտրված դանակի շեղբ: Ճիվաղը այնուամենայնիվ կարողացել է հափշտակել խոշոր չափի գումար: Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կազմում է 2-3 մլն դրամ:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով: Մինչ դեպքի վայրում քննիչների հետ աշխատում էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանները, Վաղաշապատի ոստիկանապետ Ռ. Պողոսյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Ա. Ֆիշյանը կարծես օպերատիվ տեղեկություններ են ստացել ենթադրյալ հանցագործ կասկածյալի մասին ու մեկնել են ստահակի բնակության վայր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված կինը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչներ Արտակ Ասատրյանն ու Գառնիկ Մելքոնյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի ավագ փորձաքրեագետներ Արայիկ Նավասարդյանն ու Արմեն Ղարիբյանը կարողանան անհրաժեշտ գործողություններ կատարեն: