Մ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել 16 տարին չլրացած Ի․Օ․-ի հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու համար։ Իրավաբան․net-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Մ․Ա․-ն 2019թ. ծանոթացել է Արմավիրի մարզի բնակչուհի՝ 2005թ.-ին ծնված անչափահաս Ի․Օ․-ի հետ, հավանել է, որից հետո սկսել է շփվել նրա հետ։

2020թ. հոկտեմբերի 31-ին «ամուսնացել» է նրա հետ և Ի. Օ․-ին որպես իր կին տարել հայրական տուն, որտեղ էլ նույն օրը տեղյակ լինելով Ի. Օ․-ի՝ անչափահաս լինելու՝ 16 տարին լրացած չլինելու հանգամանքի մասին փոխադարձ համաձայնությամբ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Մինչև 2021թ. մարտ ամիսը «ամուսինները» պարբերաբար սեռական հարաբերություն են ունեցել, ինչի արդյունքում աղջիկը հղիացել է:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, առաջին դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 6-ին։ Գործը մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին։

Առաջադրված մեղադրանքով Մ․Ա․-ին 4-10 տարվա ազատազրկում է սպառնում։

Նշենք, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` 18 տարեկան տարիքի հասնելը։

Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

1621