Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում տաքսի ծառայությունների գները խիստ աճել են։ Սակայն, գներից բացի ավելացել են նաեւ դեպքերը, երբ վարորդները կոպտում եւ վատ են վերաբերվում ուղեւորներին։ 

Araratnews.am - ն այսօր ահազանգ է ստացել, որ Yandex.Taxi ծառայության վարորդը ոչ միայն կոպտել է, այլեւ հրաժարվել է կատարել պատվերը։

«Մորս հետ պայմանավորվելուց հետո որոշեցի մեքենա պատվիրել եւ գնալ նրա հետ հանդիպման, նշեմ, որ 2 կմ-ի համար պիտի վճարեի 1000 դրամ։ Արդեն նստել էի մեքենան, երբ մայրս զանգահարեց ինձ ու խնդրեց ավելացնել եւս մեկ կանգառ, քանի որ կարեւոր գործեր էին ծագել եւ լավ կլիներ, որ նա նույն մեքենայով շարունակի ճանապարհը։ Հասցեն ավելացնելուց հետո վարորդն ասաց, որ ուղղակի չի շարունակի կատարել պատվերը։

Հարցին, թե ինչու նա չի կարող շարունակել ճանապարհը վարորդը ոչինչ չպատասխանեց, սակայն չմոռացավ բարձր տոնով ասել, որ չի վախենում եւ որ ես կարող եմ բողոքել։ Հանգիստ տոնով փորձեցի համոզել վարորդին, որպեսզի նա շարունակի կատարել պատվերը, չէ որ ես իրավունք ունեմ կանգառ ավելացնել։ Վարորդը նորից կրկնեց, որ իմ իրավունքների մեջ մտնում է նաեւ բողոքելը եւ եթե ցանկություն ունեմ կարող եմ բողոքել։

Միջադեպից հետո զանգահարեցի Yandex.Taxi -ի դիսպետչերին եւ խնդրեցի համար տրամադրել, որպեսզի զանգահարեմ եւ համապատասխան մարդուն իմ բողոքը հայտնեմ, սակայն ստացա պատասխան, որ կարող եմ գրել Yandex-ի Facebook -յան էջին եւ սպասել պատասխանին։

Վարորդի անունն է Ալեքսանյան Վահան, իսկ մեքենայի մակնիշը Mersedes-Benz c-klasse, համարանիշը ` 36MO677։ Yandex.Taxi -ին դիմում եմ այս կերպ եւ կոչ եմ անում վարորդներին աշխատանքի վերցնելիս ուշադիր լինել», - հայտնեց քաղաքացին։

Բացի այդ նա նշեց, որ ավելի ուշ փորձել է մեքենա պատվիրել 1 կմ-ից ավելի քիչ ճանապարհ գնալու համար, բայց ուղեւորության մինիմալ արժեքը կազմել է 1200 դրամ։

Օրերս Araratnews.am -ին ահազանգել է նաեւ մեկ այլ քաղաքացի, ում ՝ վարորդը սեռական բնույթի վիրավորանքներ է հասցրել։

Նրա բողոքին ի պատասխան Yandex.Taxi -ի Facebook -յան էջը ընդհամենը գրել է, որ կազմակերպությունը ցավում է վարորդի այդպիսի պահվածքի համար եւ որ նման խախտումների կրկնության դեպքում վարորդը կզրկվի պատվերնել կատարելու հնարավորությունից։

Մարիամ Գեւորգյան

 

3498