
Երբ թվում էր, թե Իրանը և ԱՄՆ-ը փորձում են սառույցը կոտրել և բացել երկու երկրների համար նոր, ավելի կառուցողական էջ, հարաբերությունները կրկին սրվեցին: Այս անգամ պատճառը «Mercer Street» իսրայելական լցանավն է, որն անօդաչուով խոցվել է Արաբական ծովում` դառնալով անձնակազմի բրիտանացի և ռումինացի անդամների մահվան պատճառ: Որոշ երկրներ չհապաղեցին դրա համար անմիջապես մեղադրել Իրանին:
Առաջինը Իսրայելը բարձրաձայնեց Իրանի մեղավորության մասին: Այնուհետև հաջորդեցին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մեղանդրանքները Իրանի հասցեին, որից հետո Իրանի դեսպանը կանչվեց Մեծ Բրիտանիայի ԱԳՆ: Թեհրանը, սակայն, այս մեղադրանքները համարում է անհիմն ու հակասական:
Ամերիկան վերջին շրջանում մեղմ քաղաքականություն էր վարում Իրանի հետ հարաբերություններում, որի շրջանակներում չեղարկել էր որոշ պատժամիջոցներ, ինչպես նաև հայտարարել, որ վերադառնալու է միջուկային պայմանագրին, սակայն այս միջադեպից հետո նա ոչ միայն չպահպանեց չեզոքությունը, այլև, հակառակը, միացավ Իրանի դեմ մեղադրանքներին: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, թե վստահ է, որ հարվածը հասցրել է Իրանը, և պատրաստակամություն հայտնեց Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի հետ համատեղ պատասխան տալ Իրանին:
Այս մեղադրանքներին միացան Կանադան և եվրոպական այլ երկրներ:
Իր հերթին Ռուսաստանը անհիմն է համարում իր դաշնակից Իրանի դեմ մեղադրանքները:
Չնայած վերջին շրջանում իսրայելական եւ իրանական նավերը մեկ անգամ չէ, որ հարձակման են ենթարկվել Իրանի մերձակայքում, սակայն սա առաջին դեպքն է, երբ նման միջադեպը հանգեցնում է մարդկային կորստի:
Սա ավելի է լարում իրանա-իսրայելայական հակամարտությունը` առաջացնելով անգամ ռազմական բախման հնարավորություն: Մի կողմից «Mercer Street»-ի այս պատմությունն է, մյուս կողմից՝ Իրանի՝ Իսրայելի դեմ մեղադրանքները միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության, ինչպես նաև իր ատոմային օբյեկտների վրա հարձակվելու մեջ:
Այս համտեքստում տրամաբանական է, որ Իսրայելին ձեռնտու չի Ամերիկայի և Իրանի հարաբերություններում որևէ առաջխաղացում, քանի որ երկիրը քաջ գիտակցում է, թե ինչ առավելություն կստանա Իրանը, եթե անգամ փոքր-ինչ թուլանա իր դեմ պատժամիջոցային քաղաքականությունը: Ուստի այս դեպքը Իսրայելը կօգտագործի Իրան-ԱՄՆ հարաբերությունները վատացնելու համար: Վաշինգտոնն էլ, իր հերթին, ինչքան էլ փորձի Իրանի հետ հարաբերությունները լավացնել, որն օր օրի ավելի ամուր կապեր է ստեղծում Ռուսաստանի հետ, չի հրաժարվի կանգնել իր վաղեմի դաշնակից Իսրայելի կողքին` նրա միջոցով փորձելով մնալ Մերձավոր Արևելքում:
Սա նշանակում է, որ Իրանի դեմ, ամենայն հավանականությամբ, Արևմուտքի կողմից կսահմանվի պատժամիջոցների նոր փաթեթ:
Ջուլիետա Մկրտչյան