Վերջին մի քանի օրում Հայաստանը և Ռուսաստանը ակտիվ համագործակցության մեջ են անվտանգության ոլորտում: Նախ՝ օգոստոսի 9-ին և 10-ին կառույցի գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը, ՀԱՊԿ-ի դեմ ուղղված քննադատությունների ֆոնին, այցելեց Հայաստան: Ինչպես որ ակնկալվում էր, Զասը որևէ կտրուկ հայտարարություն չարեց՝ կապված Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանի հասցեին` բավարարվելով ընդամենը նախկինում ևս հնչող ֆորմալ հայտարարություններով: Չնայած դրան, բավականին կոշտացել էր հայկական կողմի հռետորաբանությունը: Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նախարարը Զասին ասել է, որ նրա այցելությանը սպասում էին դեռ մայիսին, որն այդպես էլ տեղի չունեցավ:

 Բավականին հետաքրքրական էին Ստանիսլավ Զասի այցելությանը զուգահեռ տեղի ունեցող իրադարձությունները: Նախ օգոստոսի 9-ին` Ստանիսլավ Զասի այցելության առաջին օրը, տեղի ունեցավ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը: Հաշվի առնելով, որ նույն օրը Արցախի Շոշ-Մխիթարաշեն հատվածում հրաձգային զինատեսակներից կրակոցներ են հնչել, ինչպես նաև կիրառվել է դիրքերի ուղղությամբ 3 արկ, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը և Ադրբեջանը ինչ-որ բանի շուրջ պայմանավորվածության չեն եկել, քանի որ կրակում են այն տարածքների վրա, որոնք վերահսկում են ռուս խաղաղապահները: Արցախի ԱԳ նախարարը ևս այն համարել է լուրջ մարտահրավեր նաև ռուս խաղաղապահների համար, քանի որ նման քայլերը անհարգալից վերաբերմունք է նրանց նկատմամբ:

Այս դեպքերին անմիջապես հաջորդեց Արշակ Կարապետյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում Շոյգուն շեշտել է, որ «Հայաստանը անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Հարավային Կովկասում», որին ի պատասխան՝  Կարապետյանը նշել է, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որն անվտանգության առումով իրապես շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդին եւ այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններին։

Համադրելով այս ամենը` կարելի է եզրակացնել, որ Հայաստանը Ռուսաստանից որոշակի երաշխիքներ է ստացել և ընդհանուր համաձայնության եկել, որոնք դուր չեն եկել Ադրբեջանին, որի արդյունքում հրադադարից հետո առաջին անգամ Ադրբեջանը խոշոր տրամաչափի զենքեր և ՀՀԱ-ներ է կիրառել, իսկ օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը:

5634