«Փաստացի, Աֆղանստանում  իշխանությունը զավթել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված «Թալիբան» խմբավորումը, և Աֆղանստանում ստեղծված հնարավոր քաոսային իրավիճակը կարող է սպառնալ հարևան երկրներին ու տարածաշրջաններին»,- այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև պարզաբանելով, թե տիրող իրավիճակն ինչպիսի ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի, հատկապես` Հայաստանի վրա:

«Աֆղանստանում ստեղծված իրավիճակը հյուսիսում սպառնում է ՀԱՊԿ ազդեցության գոտուն, եթե հաշվի առնենք Աֆղանստան-Տաջիկստան սահմանը: Եվ եթե դիտարկենք, որ աֆղանական գործընթացներին ներգրավվելու հայտ է  ներկայացրել նաև Թուրքիան, կանխատեսելի է դառնում, որ Ադրբեջանը նույնպես փորձելու է աջակցել Թուրքիային` Աֆղանստանում նրա հնարավոր ներգրավվածության պարագայում»,- ընդգծեց արաբագետը, հստակեցնելով, որ Հայաստանի երկու ոչ բարեկամ  հարևան երկրները, հնարավոր է, ներգրավված լինեն աֆղանական հակամարտությանը:

«Պետք է դիտարկենք մեկ հանգամանք ևս, որ Աֆղանստանի հետ ընդհանուր սահման ունի նաև մեր մյուս հարևանը` Իրանը, և Իրան-Աֆղանստան սահմանին հնարավոր իրավիճակի վատթարացման պարագայում իրանական իշխանությունները ստիպված են լինելու զգալի ռեսուրսներ ուղղել` թուլացնելով նրանց հնարավոր ազդեցությունը Հարավկովկասյան տարածաշրջանում նախատեսվող տարաբնույթ հարաբերություններում, ինչպես նաև Հայաստան-Իրան հարաբերություններում»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Փորձագետը Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր ներգրավվածությունը աֆղանական գործընթացներում սպառնալիք չի համարում մեր երկրի համար, բացատրելով, որ այդ ներգրավվածությունը Էրդողանի վարչակազմի հերթական արկածախնդրությունն է լինելու` նոր գլխացավանք, որին ստիպած է լինելու մասնակից դառնալ նաև Ադրբեջանը: «Սա մի կողմից ավելի է սերտացնելու Թուրքիա-Ադրբեջան երկրների միջև  հարաբերությունները, բայց մյուս կողմից՝ նաև կարող է գլխացավանք դառնալ նրանց համար, եթե հաշվի առնենք Աֆղանստանում տիրող իրավիճակը»:

Araratnews.am-ի դիտարակմանը, թե ստացվում է, որ մենք` հայերս, անհանգստանալու պատճառ չունենք, արաբագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ այս պահին անհանգստանալ պետք չէ, բայց պետք է ուշի-ուշով հետևել գործընթացներին, և նշեց` որոշակի սցենարի զարգացման դեպքում այն կարող է անդրադառնալ նաև ՀՀ շահերի վրա:

Մանրամասները շուտով` տեսանյութում:

Հայկ Մագոյան

9935