
Վաչագանը պատերազմի հենց առաջին օրը ներկայացել էր զինկոմիսարիատ և կամավորագրվել, սակայն նրան չէին կանչում․ «Անընդհատ գնում-գալիս էր զինկոմիսարիատ՝ հետաքրքրվելով, թե երբ կտանեն իրեն: Հոկտեմբերի 21-ին զինկոմիսարիատ էր գնացել զայրացած՝ պահանջելով իրեն անհապաղ ռազմաճակատ ուղարկել»,- պատմում է Վաչագանի հայրը` հիշելով, ինչպես որդին հոկտեմբերի 24-ին մեկնեց ճակատ` իր հետ վերցնելով 10 բահ խրամատ փորելու համար:
Նա ուսանում էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում. 2021 թ. հունվարին թեզի պաշտպանությունը պետք է լիներ․․․
Հայոց պատմության գիտակ, հայրենասեր, քաջ Վաչագանը մարտի դաշտում դարձել էր ծանոթ ու անծանոթ հայ մարտիկների հենասյունը թե՛ հոգեպես, թե՛ կազմակերպչական հարցերում։
«Հայրենիքի, մեր արքաների մասին նրա պատմությունները ուժ էին հաղորդում մեզ: Նա կարողացավ մեր մեջ արթնացնել մեր հաղթական ոգին․․․», -պատմում է զինակից ընկերներից Ռազմիկ Չոմարյանը: Շուշիի մարտերից առաջ Վաչագանն իր անձնական իրերով կապոցը թողել էր Ռազմիկի մոտ՝ ասելով, որ մինչև վերջ կռվելու է, չի նահանջելու: Նոյեմբերի 8-ին՝ Շուշիի սուրբ հողը պաշտպանելիս, անմահացավ Վաչագան Մանուկյանը։
«Տիգրան Մեծի Հայաստանը սրտումս պատկերված եմ գնում, ինձ հաղթել չի լինի, էն էլ՝ Նժդեհի ոգով… Բայց եթե մի չար հրաշքով այլևս չլինեմ, իմ ընտանիքից, հարազատներից սկսած ուզում եմ, որ ամենքդ ձեր ներսում կրեք ԼՈՒՅՍԸ. դա շատ կարևոր է հենց խաղաղության ժամանակ»,- գրել էր նա պատերազմ մեկնելուց առաջ: Վերջերս լույս է տեսել «Ազգային հերոսը․ Վաչագան Մանուկյան» գիրքը։
Փառք ու խոնարհում մեր սուրբ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր արիներին։ Վաչագան Մանուկյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։ Հիմնադրամի ֆոնդը ձևավորում ենք մենք՝ ՀՀ և Արցախի քաղաքացիներս։ Ֆինանսակայն կայուն հատուցումն ամենաքիչն է, որ կարող ենք անել մեր քաջերի հիշատակի, մեր հոգու հանգստության համար։