Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ներկայացվել է դատարան՝ կալանավորման։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն երեկ հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։

ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ՝ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: 

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ քրեական հետախուզության բաժանմունքի պետը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ։ 

757