Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Ուղերձում մասնավորապես ասված է. «Վեհափա՛ռ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պանծալի հոբելյանի՝ Ձեր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Ձեր անցած փառավոր ուղին երկնային Տիրոջը, հարազատ ժողովրդին ու Հայրենիքին անմնացորդ նվիրվածության ու անձնուրաց ծառայության լավագույն օրինակ է:

Ձեր ապրած կյանքն ու գործը դեռ երկար տարիներ կուսուցանեն ու կդաստիարակեն սերունդներին՝ որպես հայրենասիրության ու աստվածապաշտության հրաշալի դաս՝ նրանց մեջ սերմանելով սեր և բարություն, խոհեմություն և իմաստնություն: Դուք միշտ եղել եք Արցախի կողքին, Ձեր հայրապետական օրհնությամբ, խոսքով ու գործով մեծապես աջակցել, քաջալերել ու գոտեպնդել եք մեր ժողովրդին, ինչի համար մենք խորապես շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:

Թող ամենազոր Աստծո հովանու ներքո շարունակվի Ձեր հայրենանվեր առաքելությունը և հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր ձեռնարկումներն՝ ի նպաստ մեր հավատավոր ժողովրդի և մայր Եկեղեցու։ Վեհափա՛ռ Տեր, Ընդունեք, խնդրեմ, իմ որդիական խոնարհումն ու խորին հարգանացս հավաստիքը և ջերմ բարեմաղթանքներն այս հիշարժան օրվա առթիվ։ Խաղաղություն, արևշատություն և ամենայն բարիք Ձեզ»:

206