ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում հայ-չինական գործակցությանն առնչվող հարցեր։

Ողջունելով դեսպանին՝ նախարար Սանոսյանն ընդգծել է, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունների համատեքստում առկա են ենթակառուցվածքային տարբեր՝ հատկապես ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը զարգացնելու լավ հեռանկարներ։

ՏԿԵ նախարարը կարևորել է ճանապարհաշինության ոլորտում երկկողմ գործակցության զարգացման և առկա հարցերի կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքների շարունակումը։ Դեսպան Ֆան Յոնը նշել է, որ չինական կողմը նույնպես հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ ենթակառուցվածքային համագործակցությունը։

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքներին և ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած որոշակի խնդիրներին՝ դեսպան Ֆան Յոնը տեղեկացրել է, որ դրանք իր ուշադրության կենտրոնում են, և վստահեցրել է, որ երկկողմ ակտիվ աշխատանքների և համատեղ ջանքերի միջոցով հնարավոր կլինի ընթացիկ հարցերը կարգավորել և ապահովել նախանշված արդյունքները։ Նախարար Գնել Սանոսյանը, Չինաստանի դեսպանին տեղեկացնելով Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան նոր հատվածի կառուցման նախագծի և նախատեսվող մեծածավալ աշխատանքների մասին, առաջարկել է աջակցել շինարարության և տեխնիկական վերահսկողության համար հայտարարվելիք մրցութային գործընթացներում չինական ընկերություններին ներգրավելու գործում։ Ընդգծելով կառուցվելիք ճանապարհի ռազմավարական մեծ նշանակությունը Հայաստանի համար՝ ՏԿԵ նախարարը կարևորել է չինական խոշոր և մեծ հզորություններ ունեցող ընկերությունների մասնակցության հնարավորությունները։

ՏԿԵ նախարարը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում երկկողմ գործակցությանն ու առկա նախագծերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման ծրագիր իրականացնելու նպատակով չինական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հետաքրքրվածության և այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության հարցերին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության համատեքստում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ կապակցությամբ դեսպան Ֆան Յոնը նշել է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը նպաստելու Չինաստանի պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտին Գնել Սանոսյանը և Ֆան Յոնը վերահաստատել են բոլոր ուղղություններով հետագա համագործակցության խորացմանը միտված երկուստեք պատրաստակամությունը՝ այդ համատեքստում կարևորելով ՀՀ ՏԿԵ նախարարության և Չինաստանի դեսպանության միջև ձևավորված ամուր գործնական հարաբերությունները։

Գնել Սանոսյանը դեսպան Ֆան Յոնին տեղեկացրել է նաև, որ նախկինում, որպես աշխարհագրության մասնագետ, մի քանի անգամ առիթ է ունեցել մասնագիտական-հետազոտական այցերով լինելու Հայաստանում Չինաստանի դեսպանատանը՝ ընդգծելով թե իր մասնագիտության բերումով, թե ներկայում ի պաշտոնե իր հետաքրքրությունը՝ նպաստելու հայ-չինական հարաբերությունների խորացմանը։

118