Աշխատանքից ազատման պատճառը հարկեր չվճարելն է: Araratnews.am-ին ասաց Արդարադատության նախարարության «Հայաստանի Ազգային  արխիվ» ՊՈԱԿ-ի  նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ ազգային արխիվին գումար չեն հատկացրել,  հարկերը արխիվը չի վճարել, հետո պետբյուջեն գումար է հատկացրել, վճարել է: «Ու դա պատճառ են բռնել, հանել են: Ընդ որում՝ դա եղել է երեք տարի առաջ»,- մանրամասնեց Վիրաբյանը: 

Արդյոք կբողոքարկի արդարադատության նախարարության այս որոշումը,  Ամատունի Վիրաբյանը դեռ չգիտի: 

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն էլ «Ֆեյսբուքում» գրել է. ««Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։
Քանի որ լրատվամիջոցներից հարցումներ եմ ստանում պարոն Վիրաբյանի ազատման հիմքերի վերաբերյալ տեղեկացնեմ, որ Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։
Ստացված տեղեկության համաձայն, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։
Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են և լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

Սոնա Դավթյան

 

649