Azatutyun.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատարի նշանակման մասին լուրը Ադրբեջանում ընդունել են առանց մեծ ոգևորության։ Վերապահումների գլխավոր պատճառը Ռուստամ Մուրադովին զորախմբի հրամանատարի պաշտոնում փոխարինող գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի կենսագրությունն է։

Բանն այն է, որ վերջին տարիներին Կոսոբոկովը հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ պաշտոնական Մոսկվան նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականությանն, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։

Գեներալ Կոսոբոկովը նախկինում պաշտոնավարել է Ղրիմում՝ որպես Սևծովյան նավատորմի կազմում գործող բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։

Դրանից առաջ ՝ 2015-ից 2017 թվականներին, նա զբաղեցրել է Աբխազիայում տեղակայված 7-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի պաշտոնը։ Մինչև վերջերս էլ Միխայիլ Կոսոբոկովը զբաղեցնում էր Ռուսաստանի Զինված ուժերի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Հիշեցնենք, որ 58-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Հյուսիսային Կովկասում ինչպես նաև մեկ այլ վիճելի տարածաշրջանում՝ Հարավային Օսիայում։

Այս ամենը հաշվի առնելով՝ թերևս բնական է, որ ադրբեջանցի թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանամետ գործիչները Կոսոբոկովի նշանակումը խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում ընկալեցին խիստ վերապահումներով։

«Կհանդգնեմ ենթադրել, որ անջատական Աբխազիայում գտնվող ռազմաբազայի նախկին հրամանատարի նշանակումը մեզ մոտ հավանության չի արժանացել», - Ֆեյսբուքում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։

Ընդդիմադիր լրագրող, նախկին քաղբանտարկյալ, այժմ Գերմանիայում բնակվող Աֆղան Մուխտարլին ևս վստահ է՝ Կոսոբոկովի նշանակումից ադրբեջանական կողմը հաստատ չի շահի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

1880