Խմելու ջուրը Հայաստանում՝ կարող է թանկանալ։ Տարվա ճշգրտող հայտով՝« Վեոլիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել։ Այստեղ արդեն մեկ ամիս է՝ ուսումնասիրում են փաթեթը, ըստ որի՝ ընկերությունն առաջարկում է հունվարից խմելու ջրի մեկ խմ-ի գինն ավելացնել 43,7 դրամով. տեղեկացնում է 1lurer.am-ը:

Աշոտ Ուլիխանյան (ՀՀ ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ) - Գործող 21 թվականին սպառողի համար 180 դրամ է, հայտով, արդեն էս բոլոր գործոններով պայմանավորված, ստացվել է 223,7 դրամ՝ իրենց առաջարկի համաձայն:

Սակագինը բարձրացնելու իր առաջարկը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը չցանկացավ-հրաժարվեց մեկնաբանել։ Թանկացման հիմքը՝ վարձակալական պայմանագրով նշված կետերն են, օդից ոչ մի թիվ չեն վերցրել՝ վստահեցնում է հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետը։ Ասում է՝ նոր-նոր են հաշվարկի մեջ ներառելու նույնիսկ՝ այս փետրվարից հոսանքի 3 դրամով թանկացման ազդեցությունը։

Աշոտ Ուլիխանյան - Սակագնի մեջ՝ 13 տոկոսն է ընդամենը պայմանավորված էլեկտրաէներգիայի գնի փոփոխությամբ։ Մեծ մասը՝ սակագնի մոտ 60 տոկոսը, սղաճի աղդեցությունն է, և միայն դրանով պայմանավորված՝ միայն 15 դրամի ավելացման է բերում: Էդ ցուցանիշը վիճարկել հնարավոր չէ: Իհարկե, նաև բազիսային սակագին ունենք ամրագրած, դա էլ՝ մոտ 30 դրամ, միայն բազիսային սակագնի աճն է:

Թվաբանությանը զուգահեռ՝ հանձնաժողովն այժմ մոնիթորինգ է սկսել՝ պարզելու, թե երկրում իրականում ինչքա՞ն ջուր է օգտագործվում։ Այդ քանակը նույնպես թանկացման վրա ազդող գործոն է։ Հենց այստեղ է ամենամեծ խնդիրը՝ ասում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահը՝ կասկածների սլաքն ուղղելով Վեոլիայի հետ կնքված պայմանագրի վրա։

Կարեն Չիլինգարյան («Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ) - Այնպիսի թիվ էր, որ շատ կասկածելի էր մինչև հիմա: Սպառումը. ախր, ո՞նց կարող է էդպիսի մեծ սպառում լինի, եթե բնակչության թվաքանակը չի ավելանում, մարդիկ ինչպես օգտագործում են, այդքան էլ իրացնում են:

Ի դեպ՝ 2017 թվականից մինչև հիմա սպառողը խմելու ջրի դիմաց նույն 180 դրամն է վճարում շնորհիվ այն բանի, որ սակագինը սկզբում բյուջեն սուբսիդավորեց, հետո էլ պետությունը զեղչեց-նվազեցրեց «Վեոլիայի» վարձակալական գումարը։ Նման սցենար գոնե այս պահին չկա, դրա համար էլ փոփոխությունը միանգամից 43 դրամ է ստացվում։ Նկատելի թանկացում է, բնակչության մեծ մասի գրպանին կհարվածի՝ ասում է Կարեն Չիլինգարյանը։

Կարեն Չիլինգարյան - Իհարկե, սպառողի գրպանին կխփի, և առաջին հերթին՝ բարեխիղճ սպառողի: Մենք գիտենք, որ ջրագողություններ էլ կան:

Խմելու ջրի հնարավոր թանկացման լուրին մարդիկ Երևանի փողոցներում տարբեր կարծիքներով արձագանքեցին։

Որոշումը Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը կկայացնի ամենաուշը նոյեմբերի վերջին, որ նոր սակագինը հունվարից մտնի ուժի մեջ։

555