Այսօր, սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաթուլ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է, և վարորդը տեղում մահացել է, ու նրա դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել են ԱԻՆ ՓԾ Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարները և
Ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը:
Դին տրակտորի միջից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա, այնուհետև Թաթուլի գյուղապետ Ալբերտ Հարոյանի և մի քանի գյուղացիների ու Թալինի ոստիկանների օգնությամբ դուրս են բերել տրակտորի միջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ինչպես դեպքի վայրում եղածն են փաստում, մահացածը տրակտորով հերթական անգամ աշխատանքի մեկնելիս է եղել, երբ տրակտորն, անհայտ հանգամանքներում, հետընթաց մոտ 30 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում։