Այսօր Արագածոտնի մարզի Ավան գյուղում Անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առթիվ տեղի ունեցավ միջոցառում: Միջոցառման մասնակիցները Ավանի Աղբյուր Սերոբի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն էին: Ավանի բնակիչները, Աղբյուր Սերոբի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, դպրոցի տնօրեն Հովսեփ Դավթյանը, Ավանի համայնքապետ Գևորգ Գալստյանը հավաքվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված պայմանագրային զինծառայող Երվանդ Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ էլ տրվեց միջոցառման մեկնարկը:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում Ավանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի Քրիստինե Պետրոսյանը նշեց, որ ավանցիները հայրենասեր են և դրա լավագույն ապացույցն այսօրվա միջոցառումն է, որին անխտիր մասնակցում էին բոլորը՝ անկախ այն հանգամանքից՝ ասմունքում էին, թե ոչ:

Հովհաննես Թումանյանի քառյակներից սկսած մինչև Հովհաննես Շիրազի «Իմ սուրբ հայրենիք» բանաստեղծությունը՝ աշակերտներն ասմունքեցին ու հուզեցին իրենց համագյուղացիներին:

Անկախության 30-ամյակին նվիրված ելույթով հանդես եկավ նաև Ավանի գյուղապետ Գևորգ Գալստյանը:

Օլյա Շահինյան

 

3371