Երևանյան հին բնակարաններից մեկն է՝ Նորքի երկրորդ զանգվածում: Դուռը կողպված չէ: Տանտիրոջ հետ լավ ու վատ օրեր տեսած կահույք, դարակներում` հուշանվերներ ու նկարներ, զանազան իրեր, լուսանկարներ, գրքեր, գրքե՜ր, գրքե՜ր: Տանտերը նստած է համակարգչի առջև: Էկրանին սև-սպիտակ լուսանկար է: Լուսանկարում Ֆրունզիկ Մկրտչյանն է, Աղասի Այվազյանն ու նա, որի հետ տանտերը հեռավոր նմանություն ունի:

Լևոն Աթոյանց. «Վիքիպեդիայում» նրա անվան դիմաց միայն գրված է հայ կինոօպերատոր: Տիտղոսներ, կոչումներ չի ունեցել սովետական տարիներին, անկախության շրջանում էլ չի ստացել, մեր օրերն էլ գալիս-անցնում են, էլի չստացավ:  Թեև Վարպետը կոչումների, տիտղոսների հետևից երբևէ  չի էլ ընկել, դրա համար էլ սեր, ազնիվ անուն ու պատկառանք է վաստակել, հետն էլ գանձարան-կենսագրություն:

Լևոն Աթոյանցը 90 տարեկան է, ուրեմն և Հենրիկ Մալյանի, Մհեր Մկրտչյանի, Աղասի Այվազյանի,  Սոս Սարգսյանի, Արման Մանարյանի, Դմիտրի Քեոսայանցի ժամանակակիցն ու նրանց հետ ճանապարհ ու կենսագրություն կիսած արվեստագետ: Նա նույնիսկ հիշում է, թե ինչպես էր Թիֆլիսում՝ իրենց տնից 100 մ այն կողմ, Համո Բեկնազարյանը «Պեպոն» նկարում: Մոր մորաքույրը՝ Նինա Մանուչարյանն էլ Նաթելի դերն էր խաղում: Սերն ու կիրքը կինոյի հանդեպ սկսվել է հենց այդ պահին՝ չորս տարեկանում:

Կինոյում ամենագլխավոր ու կարևոր մարդը

Մորաքրոջ՝  Նինա Մանուչարյանին հայրս նամակ էր գրել- տվել ձեռքս, որ գամ Երևան՝ նրա մոտ, բայց ես նամակը պատռեցի ու որոշեցի ինքս հարթել իմ ճանապարհն՝ առանց որևէ օգնության: Պուճուր երեխա ժամանակ, երբ  մեր թաղում «Պեպոն»  էր նկարվում, տեսա բազկաթոռին մի մարդ է նստած, հրամաններ է տալիս, իսկ կողքին՝ մեկ ուրիշը՝ կաշվե  գլխարկով, գոռգոռում է բոլորի վրա. որոշեցի, որ ֆիլմում ամենագլխավոր մարդը նա է, ես ուզում եմ  այդ մարդու նման լինել: Այդ ամենագլխավոր մարդը «Պեպոյի» օպերատոր Դմիտրի Ֆելդմանն էր:  Հետագայում ես ծանոթացա Ֆելդմանի հետ, մենք  ընկերացանք: Այդպես, կինոն ինձ վարակեց, ու դարձա օպերատոր:

Սովետը ոտքի տակ տված ու տուն վերադարձած

Ես դիպլոմ չունեմ: Ասեմ՝ ինչու: Թիֆլիսում եմ ծնվել ու ապրել: Այն ժամանակ ամեն պետություն իր թեկնածուին պետք է ուղարկեր ՎԳԻԿ: Վրացին հային ինչպե՞ս կերաշխավորեր ու կուղարկեր Մոսկվա՝ սովորելու: Բայց ես գնացի ՎԳԻԿ: Ինձ ասացին՝ մեզ հայ ինժեներներ են պետք: Ես ընդունվեցի Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտ: Մի ամբողջ կիսամյակ Լենին-պարտիա-Լենին էինք սովորում: Փախա, գնացի մտա «Լենֆիլմ» կինոստուդիա: Տելեշկա բրթեցի, բանվոր աշխատեցի, ինձ այնտեղ շատ սիրեցին, ուզեցին բնակարան  տալ: Փախա-եկա Հայաստան:

Սովորել եմ Լենինգրադում, տարբեր քաղաքներում եմ ապրել, ամբողջ Սովետը ման եմ եկել …բայց էլի եկա Հայաստան:

Այստեղ՝ Երևանում, հեռու բարեկամ ունեի, բայց նրա տանը  չէի ուզում մնալ, որովհետև պայմանները խիստ էին՝ երեկոյան ժամը 8-ին պիտի տանը լինեի: Իսկ ես ազատություն էի ուզում, դրա համար էլ գիշերները կայարանում էի քնում, ասուայնտեղ՝ նստարանների վրա: Մինչև «Հայֆիլմում» որպես  լուսավորող՝ ընդունեցին աշխատանքի: Առաջին աշխատավարձս 34 ռուբլի էր, հետո դարձավ 61 ռուբլի. ասիստենտ էի: Ու այդպես սկսեցի ինքնուրույն դառնալ:

Կինոօպերատորից օդաչու՝ կես քայլ

Լենինգրադի ինստիտուտի 2-րդ կուրսից ինձ տարան, որ օդաչու դարձնեն: Վաչիկ Դովլաթյան անուն-ազգանունով մի տղա ունեինք, -8 կարճատեսի ակնոց էր կրում: Ստուգման ժամանակ նրա ակնոցը դրեցի աչքերիս ու կանգնեցի հանձնաժողովի առաջ: Մեկ էլ հանձնաժողովականներից մեկը, թե՝ դու ինչո՞ւ ես եկել էդ ակնոցով, դուրս արի, շուտ: Այդպես, օդաչու չդարձա:

Բնակարան՝ առանց պարտիայի․․․ ուսանողներ՝ անկաշառ սիրով

Ես տուն չեմ ստացել, որևէ մեկին չեմ էլ խնդրել, որ ինձ տուն տա: Ես պարտիա չեմ մտել, բայց կոմսոմոլ եղել եմ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին  ո՞վ էր հարցնում՝ կոմսոմոլ ուզում ես-չես ուզում: Ես թիֆլիսեցի եմ: Մեր ամբողջ դպրոցը տնից, քաղաքից փախավ, գնաց կռիվ: Դե Թիֆլիսը ռազմաճակատին մոտ էր: Մեզ բռեցին, հետ ուղարկեցին, տարան մանկատուն: Այնտեղից փախա, եկա տուն, կոմսոմոլի բիլետս հանեցին, տվեցին ձեռքս: Այն ժամանակ կոմսոմոլ չլինելն ամոթ էր: Չնայած իմ հարազատներից շատերն աքսորվել էին Սիբիր: … Էս ինչ որ հիմա պատմում եմ, համ էլ գրում եմ.  հուշերս, հիշողություններս, կյանքս գրում եմ:

Այս տունն ընկերներս դասավորեցին, որ ունեցա: Վերևներից ինձ կանչում էին, ասում՝ ստորագրի, ընդունվի պարտիա, քեզ բնակարան էլ, մեքենա էլ, կոչում էլ կտանք: Ասացի՝ չեմ ուզում: Էս տունս էնքան բախտավոր է. օր չկա, որ հյուր չգա: Ուսանողներս մինչև հիմա գալիս-գնում են:  Շատ եմ նրանց սիրում: Սխալ է, երբ ուսանողին ասում են՝ էս գիրքը կսովորես, վաղը հարցնելու եմ: Պիտի ուսանողների  հետ խաղաս, ընկերանաս հետները: 18 հոգանոց էր կուրսս, երկու մասի էի բաժանում ու իրար դեմ կռվեցնում: Թեորիա է, սովորեցնելու մեթոդ:  Նրանք չպիտի զգան, որ իրենց սովորեցնում ես: Նրանց հետ ֆուտբոլ էի խաղում: Հիմա շատերը լավ մասնագետ են դարձել, իրենց գործն ունեն, ինձ էլ չեն մոռացել:

Ռեժիսորներ և ռեժիսորներ

Ռեժիսորներ ունեինք՝ Լաերտ Վաղարշյան, Յուրի Երզնկյան,Դմիտրի Քյոսայան, Հենրիկ Մալյան, որոնք  չէին գնում Մոսկվա՝  ծառայելու: Նրանք մնացին Հայաստանում. կաշվից դուրս էին գալիս, մինչև մի ֆիլմ էին նկարում: Բայց կային ռեժիսորներ, որ լավ էլ օճառվում էին Մոսկվային, ԽՍՀՄ ժողովրդականի կոչում ստանում, բայց  իրենք էլ էին փուչ, իրենց արած գործն էլ: Գովազդվում էին, նրանց մասին գրվում ու  գրվում էր, ու բոլորին այդպես հավատացնում էին, թե նրանք տաղանդավոր են, մեծություններ են: Դա են սերմանել սերունդների մեջ, ու մինչև այսօր այդ համոզմունքն  է տարածված:

Արման Մանարյանի նման ռեժիսոներ շա՞տ ունենք. «Տժվժիկից» սկսած՝ հրաշալի ֆիլմեր է նկարել: Կամ Դիմա Քյոսայանը. նա նկարեց «Ավդոյի ավտոն» ու մնաց Հայաստանում, չգնաց Մոսկվա: Ուզում էր հայ կինոն զարգացնել:

«Ավդոյի ավտոն» ես եմ նկարել: Ինչքա՜ն պատմություններ կան այդ ֆիլմի հետ կապված: Դիմա Քյոսայանի պես կիրթ, պրոֆեսիոնալ, տանջված, Սիբիրներ աքսորված, այնտեղ մեծացած տղան ինչո՞ւ պետք է ֆիլմ նկարելիս մեծ-մեծ խնդիրների առաջ կանգներ:  Սեփական կարծիքդ չպետք է արտահայտերիր, դրոշմը, կնիքը խփած պիտի լինեիր, խփեցիր՝ առաջ գնա, տուն, կոչումներ ստացիր: Արման Մանարյանը մահից առաջ ժողովրդականի կոչում ստացավ, այն էլ եղբոր՝ Երվանդի շնորհիվ: Իսկ Դիմա Քյոսայանն այդպս էլ չստացավ:

Սովետը՝ հզոր ու միֆական

-Սովետին չեմ վատաբանում. երկիր էր ստեղծվում՝ ստիպելով, պարտադրանքով. համաձա՞յն ես, մնա, ոչ՝ գնա, էս կողմերում չերևաս:

Առաջ ո՞նց էր՝  հզոր սովետական ժողովուրդներ՝ ռուսների գլխավորությամբ:  Բայց ինչո՞ւ ռուսների  գլխավորությամբ: Ի՞նչ ռուս ժողովուրդ …

1936 թվականին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում կինոմիություններ ստեղծեցին, չէ՞. իսկ ինչի՞ համար ստեղծեցին: Ասեմ: Որպեսզի որ երկրում ինչ կատարվի, զեկուցեն Մոսկվային:

Ֆրունզն ու Սոսը

-Ես ամեն ֆիլմ չեմ նկարել, միշտ նայել եմ՝ ո՞վ է ռեժիսորը, ի՞նչ է իրենից ներկայացնում: Դմիտրի Քյոսայանի, Արման Մանարյանի, Էռնեստ Մարտիրոսյանի  դիպլոմային ֆիլմերն եմ նկարել: Էռնեստի «Սովի տարիներից»  ֆիլմը չկա, պահեցին, որովհետև ճշտախոս ֆիլմ էր: Մհեր Մկրտչյանն  այդ ֆիլմում  նկարահանվել է:

Չեմ ասի, թե Ֆրունզիկի հետ մտերիմներ էինք, բայց իմ ու նրա աստղն իրար հետ բռնել էին: Սկզբում  «Սովի ժամանակները» նկարցինք, հետո՝ «Հատակում» ֆիլմի երկու սերիան, «Խոշոր շահումը»: Այդպես ընկերացանք: Նրա արվեստը, խաղը թերոիա չունի, նա ինքը որևէ թեորիա չուներ: Նա բնական մարդ էր՝ բնական ձևով էլ իրեն դրսևորում էր ֆիլմերում: «Խոշոր շահում ում» Ֆրունզը մեծ ջանքեր դրեց: Ֆիլմը նրա վրա է հենված:

Մենք միասին Թիֆլիս գնացինք: Հանդիպցինք Կիկաբիձեի հետ. նա մեզ ռեստորան տարավ:Երկուսով մինչև լուսադեմ քեֆ արեցին, երգեցին, ես էլ մի բոլ նկարեցի նրանց: Բա վրացիներն ինչքան էին սիրում Ֆրունզին: Գյումրիում նրա թանգարան գնացի, արխիվային լավ նյութեր նվիրեցի:

Սոս Սարգսյանին փոքրուց եմ ճանաչել: Թիֆլիսից գնում էինք Ստեփանավան՝ հանգստանալու: Էնտեղ պարի ակումբ կար, կռիվեր էինք անում, որ աղջիկների հետ պարենք, աքլորանում էինք: Ընկերացանք, հետո ինստիտուտում հանդիպեցինք: Սոսը ռեկտոր էր: Շատ էր ուզում, որ կինոն զարգացնեինք, բայց մեզ հատկացրած մասնաշենքը մի գեղեցիկ օր դարձավ վարչական հատված:

«Հեղնար աղբյուրն» ու Հեղնարը

«Քաոսի» պես բարդ ֆիլմ չունենք. մեկը գրո՞ւմ է դրա մասին: «Հեղնար աղբյուրի» պես ֆիլմ չունենք: Երկու տարի առաջ Վահրամաբերդում Հեղնար աղբյուրը նույն տեղում վերականգնվեց, ֆիլմի մասնակիցներին հրավիրեցին, ես էլ գնացի: Փարիզից եկավ Յուլյա Ռուստամյանը՝ Հեղնարի դերակատարուհին: …Մաքուր հայկական ֆիլմ է, ոչ մի փիս բան, իդեոլոգիա չկա: Բա Սոսը ո՜նց է խաղում այդ ֆիլմում: Ֆիլմը սկզբում պիտի նկարեր ռեժիսոր Կարեն Գևորգյանը: Նա սկսել էր նկարել, բայց  թույլ չտվեցին շարունակել. ուրիշ ձև էր նա նկարում՝ ճիշտ: Ֆիլմի փողերի մեծ մասը կերել էին: Արման Մանարյանը քիչ փողով նկարեց «Հեղնար աղբյուրը»՝ առանց դեկորացիաների: Դեկորացիաների  փողերն էին ծախսվել: Բայց վերջը լավ ֆիլմ ստացվեց: Շատերը համաձայն չէին, որ Յուլյան նկարվեր, ամեն մեկն իր ծանոթին էր ուզում խցկել, բայց Արման Մանարյանը հենց նրան էր տեսնում Հեղնարի դերում: Բոլորը ստանդարտ սովետական ֆիլմի կերպար էին ուզում տեսնել, իսկ Յուլյան կոտրեց սովետական դերասանուհու կարծրատիպը, քանդեց իր աչքերով:

«Հեղնարը» ստանդարտ ձևով չեմ նկարել: Ամեն էպիզոդ իր հոգին ունի:  Իմ կարգախոսն է՝ կինոյի օրենքներ չկան. ճշմարտություն փնտրիր: Ամեն կադրդ պատասխան է տալիս իր նախորդ ու հաջորդ կադրերի համար: Մի տեղ սխալվեցիր, ֆիլմը կոտրվում է:

Աղասի

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ  դարբնոցի 5 դարբիններից մեկն էլ Աղասի Այվազյանի հայրն էր: «Եռանկյունին» ես պիտի նկարեի:  Արդեն բավականին աշխատել էի, կադրերի հաջորդականությունը ստեղծել: Մեկ էլ իմացա, որ ուրիշ օպերատորի են ասել, որ ֆիլմը նկարի: Վերևներից էին ասել. անբեկանելի որոշում էր: Այդպես, ես զրկվեցի «Եռանկյունին»  նկարելուց:

Աղասուն փոքրուց գիտեի: Նա մոր հետ էր ապրում: Ծուռ բնավորությամբ տղա էր, մայրն է դաստիարակել. կիրթ, գրագետ կին էր ծյոծյա Լիզան: Մինչ այդ, Աղասին կինոյի հետ կապ չի ունեցել, բայց նա «Եռանկյունիով» իր տեսությունը ստեղծեց: Աղասու հետ մեկ-երկու ֆիլմ էլ եմ նկարել:

Խանգարե՞լ…ինչի՞ համար

«Ատամնաբույժն արևելյան» ֆիլմի ժապավեններն էին գողանում, որ նկարահանմանը խանգարեն: Գալիս էի նկարահանման, ասում էին՝ ժապավեն չենք ստացել, երբ ստանաք, էդ ժամանակ էլ կնկարես, բայց ժամանակը գնում էր ախր: Էռնեստ Մարտիրոսյանը դարդից մեռավ, դարդից: Շատ տաղանդավոր էր, բայց չէին թողնում նկարի, Դիմա Քյոսայանին էլ, Արման Մանարյանին էլ չէին թողնում, խանգարում էին անընդհատ: Դիմայի սցենարը մինչև հիմա ունեմ՝ «Կյանքի ճանապարհը»: Նա պիտի աքսորի կյանքի մասին ֆիլմ նկարեր: Դիմայի հետ գանցինք, բոլոր տեղերը գտանք, Մոսկվան գումար էր տվել, որ ֆիլմը նկարեինք, այստեղի պարազիտները խանգարեցին:

«Զինվորն ու փիղը» ֆիլմում էլ պիտի ուրիշ կադրեր լինեին: Տեղն արդեն ընտրել էինք, գերմանական տանկեր էլ պիտի նկարեինք: Գեղղեկը եկավ, թե՝ հերիք պիժոնություն անեք, փողերը ծախսել ենք արդեն, պլանը պիտի կատարենք, գնացեք Մերձբալթյան երկիր, մի բան նկարենք, պրծնի-գնա: Բայց դե վերջում դա էլ լավ ֆիլմ դառավ:

Ֆիլմեր՝ «կուլիսներից» այն կողմ

Մանարյանի «Վերադարձը» ֆիլմը ոչ ոք չի հիշում. այն  Մերգելյանի մասին է պատմում: Ֆիլմի փողերը չտվեցին, պատճառաբանեցին, թե կինոստուդիան պլանը չի կատարել, մի կերպ տակից դուրս եկեք: Տաղավար չկար, ի՞նչ անեինք: Մի օր Զեյթունում տեսա, որ գիտական կենտրոնի շենքի վերջին հարկում վերենորոգման աշխատանքներ են ընթանում: Մանարյանին ասացի՝ արի գնանք, իսկական մեր ուզածն է: Այդտեղ էլ նկարեցինք ֆիլմը: Ո՜նց էին կատաղել, որ ֆիլմը նկարեցինք ու էդպես տակից դուրս եկանք: «Արփա Սևան» ֆիլմը տեսե՞լ եք: Դեկորացիա պիտի սարքեինք՝ 200 մետրանոց թունել: Մի օր գնացինք, տեսանք դեկորացիաների տախտակները չկան, ֆիլմի տնօրենը՝ Լոպյանը մնացել էր շվարած: Եթե ֆիլմը չհանձնեինք, փող չէին տա, 200 հոգի ձեռնունայն կմնային: Արմանին ասացի՝ արի իսկական հանք մտնենք: Այդպես էլ արեցինք, գնացինք ուղիղ Արփա-Սևանի թունելը մտանք՝ 800 մ խորությամբ: Ու այդ խորության տակ քանի՜ ժամ ֆիլմ ենք նկարել՝ դերասաններով, ամբողջ կազմով: Անձնակազմը ժամանակ առ ժամանակ իջնում-բարձրանում էր, բայց ես 800 մ խորության տակ եմ եղել անընդհատ: Ու նկարել եմ ձեռքով, ոչ շտատիվի վրա: Ես միշտ դեմ եմ եղել շտատիվով նկարելուն: Ձեռքից նկարելիս դերասանի հետ գնում ես, ֆիքսում նրա յուրաքանչյուր փոքր շարժում, ժեստ: Այդպես ստացվեց  Արփա-Սևանի մասին ֆիլմ՝ նկարահանաված իրական Արփա-Սևան թունելում: 40 աստիճան տաքություն էր ներքևում, կինոխցիկիս օբյեկտվը քրտնում էր: Այն ժամանակ «Հայֆլմը» Տերյան փողոցի վրա էր: Այնտեղ   ապաստարան կար. տեսել էի, որ հակագազերի մեջ մատիտաներ կային, որ քսում էիր հակագազի աչքերի հատվածում, որպեսզի հագած ժամանակ ապակին չքրտնի, դիմացդ երևա: Այդ մատիտներից վերցրի, քսեցի կինոխցկիս օբյեկտիվին, որ չքրտնի, կարողանամ ֆիլմը նկարել: Արման Մանարյանն ինձ  համբուրեց էդ հնարքիս համար, ֆիլմի տնօրենը ռեստորանում հյուրասիրություն կազմակերպեց:

Դեպի Արցախ՝  պատերազմը նկարելու

1990-ականներին գնացի Արցախ: Ես 1960 թվականին Շուշիում  եղել էի ու մեկ էլ 1993 թվականին  պատերազմի ժամանակ գնացի՝ կռիվը  նկարելու: Ձմեռ էր, կոճղ բերեցի, տվեցի ընտանիքիս՝ կնոջս ու երկու դուստրերիս ու  ասացի՝ կտրեք, վառեք, տաքացեք, ես գնացի Ղարաբաղ: Էս ամեն ինչի մասին, որ պատմում եմ ձեզ, ես գրել եմ:

90 տարվա ապրածն ու զգացածը՝ գրքերում

Միանգամից երկու գիրք եմ գրում: Ամբողջ օրը համակարգչի առաջ նստած հիշում ու գրում եմ, հին նկարներն եմ թվայնացնում: Գրքերիցս մեկը կինոյին է վերաբերում, մյուսը՝ կյանքիս հուշերին: Ռուսերեն եմ գրում, որովհետև ինձ այդպես ավելի հեշտ է: Ինչքա՜ն բան ունեմ պատմելու… Ամեն ինչ հիշում եմ

 

Անդրադարձը`  kinoashkharh.am

 

 

AraratNews.am-ը ամենաջերմ մաղթանքներով  շնորհավորում է Լևոն Աթոյանցին և ընթերցողին ներկայացնում  «Արխիվ» հաղորդաշարի  եթերը`  նվիրված Լևոն Աթոյանցին:

 

 

 

 

«Արխիվ» հաղորդաշարըի  ամբողջական անդրադարձը  նվիրված  Լևոն Աթոյանցին` այստեղ: 

 

 

3950