Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ քննարկել է Արագածոտնի մարզում հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:

Հանդիպման սկզբում մարզպետ Դավիթ Գևորգյանը, բարձր գնահատելով «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից իրականացվող կրթական և մշակութային ծրագրերի դերը, ողջունել է Վահրամ Կարապետյանի այցն Արագածոտնի մարզ և իր լիակատար աջակցությունն է հայտնել կենտրոնի կողմից Արագածոտնի մարզում պլանավորված նախագծերի իրականացմանը:

Վահրամ Կարապետյանը նշել է, որ կենտրոնի կողմից նախատեսվում է Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Թալին համայնքներում դպրոցահասակ երեխաների համար կազմակերպել ռուսաց լեզվի անվճար դասըթացներ:

Մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանին և մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանին հանձնարարել է գործուն կերպով աջակցել նշված խմբակների գործունեությանը:

Կողմերը զրուցել են նաև համատեղ հետաքրքրություններ ներկայացնող թեմաների շուրջ, որոնք վերաբերում են կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպմանը, զբոսաշրջությանը, քննարկել են Արագածոտնի մարզի և ռուսական համայնքերի միջև առկա համագործակցության և դրանց հետագա զարգացմանն առչվող մի շարք հարցեր:

Առաջիկայում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և Արագածոտնի մարզպետարանի համագործակցությամբ Թալին համայնքում կկայանա Հայրենական մեծ պատերազմի հերոսների սխրանքների, ազգային-հայրենասիրական ոգու պահպանմանը նվիրված միջոցառում: 

 

938