««Օսկար»-ը, արդեն, կներեք՝ հաբռգել է: Ինչ ուզում, անում է: Ինչ-որ բաներ է թելադրում»,-այս մասին AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայ անվանի դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը՝ անդրադառնալով «Օսկար»-ի վերջերս ընդունած նոր չափորոշիչներին:
Նշենք, որ Կինոարվեստների ակադեմիան ներկայացնում է չորս չափանիշ, որոնցից առնվազն երկուսը ֆիլմում պետք է պահպանված լինեն, որպեսզի այն հավակնի տարվա լավագույն ֆիլմի տիտղոսին:
Այսպես, առաջին կամ երկրորդ պլանի դերասաններից առնվազն մեկը պետք է լինի ռասայական կամ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ։ Այս պայմանի բացակայության դեպքում՝ դերասանական կազմի առնվազն 30%-ը պետք է լինեն կանայք, ռասայական, էթնիկ, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ կամ սահմանափակ կարողություններով մարդիկ։ Նույն համամասնությամբ պիտի ընտրվեն ֆիլմերի ստեղծագործական եւ տեխնիկական անձնակազմերը։
Հիշեցնենք, որ 2012 թվականին Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը…» ֆիլմը հայտնվել էր «Օսկար» մրցանակաբաշխության երկար ցուցակում` «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում, որտեղ, ընդհանուր առմամբ, ընդգրկվել էր 71 ֆիլմ: «Օսկար»-ի նոր կանոնակարգի շուրջ AraratNews.am-ի թղթակիցը զրուցել է հայ անվանի դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ:
Պարոն Պողոսյան, ի՞նչ եք կարծում, «Օսկար»-ի նոր չափորոշիչներն արհեստական խոչընդոտներ չե՞ն ստեղծում կինոարտադրողի համար:
Ես կարծում եմ, որ իրոք չի կարելի սահմանափակումներ մտցնել:
Ինչ վերաբերում է այդ չափորոշիչներին. «Օսկար»-ը, արդեն, կներեք, հաբռգել է: Ինչ ուզում՝ անում է: Ինչ-որ բաներ է թելադրում: Ինձ դա, համենայն դեպս, չի ոգևորում: Ես շարունակելու եմ նկարել այն, ինչ որ նկարել եմ, ու հաշվի չեմ առնելու «Օսկար»-ի բոլոր պարտադրանքները:
Հնարավոր է, որ լինեն ռեժիսորներ, որոնք ներգրավվեն նոմինացիաներում միայն այն պատճառով, որ բոլոր չափորոշիչները պահպանել են: Ասենք՝ ֆիլմի որակը կասկածելի լինի, բայց քանի որ այդ չորս չափորոշիչները պահպանել են՝ մասնակցեն «Օսկար»-ին:
Ու հետո՝ հենց միայն կանայք, ուզենք թե չուզենք, միշտ մեր ֆիլմերում ներգրավված են եղել:
Պարոն Պողոսյան, վերջին տարիների ընթացքում եղել են հայ կինոռեժիսորներ, որոնք առաջադրվել են «Օսկար» մրցանակի։ Ի՞նչ եք կարծում, «Օսկար»-ի նոր «չափորոշիչների» ներմուծումից հետո հայ կինոարտադրողի համար արհեստական բարդություններ չե՞ն առաջանա «Օսկար»-ի որևէ անվանակարգի համար պայքարի ճանապարհին:
Հիմա «Օսկար»-ին նոմինացվելն այդքան ինքնանպատակ չէ: Որքան գիտեմ, ներկայումս մի ֆիլմ է ներկայացված: Ուղղակի անհեթեթություն է, որ մի ֆիլմով ինչ-որ քննարկում լինի: Չնայած, ես այդ ֆիլմն իհարկե չեմ դիտել:
Գիտեք՝ այս խառնաշփոթ իրավիճակում «Օսկար»-ի մասին խոսելն այնքան անհեթեթ է: Մարդիկ եսիմ ինչ խնդիրներ են լուծում, սրանք, ուղղակի, չգիտեմ, արդեն պսիխոզի մեջ են:
Հայաստանում կգտնվե՞ն ռեժիսորներ, որոնք առաջադրված չափանիշները պահպանելով՝ ֆիլմեր կնկարահանեն, որպեսզի մասնակցեն «Օսկար»-ին: Անձամբ Դուք նման քայլի կգնա՞ք:
Գիտեք՝ մյուսների մասով չեմ կարող ասել: Ես բացարձակապես այդ քայլին չեմ գնա: Ինչի՞ մասին է խոսքը:
«Օսկար»-ը Հայաստանին այնքան անհասանելի է:
Դե գիտեք՝ առաջին իմ «Եթե բոլորը…» ֆիլմը հայտնվեց «Օսկար» մրցանակաբաշխության երկար ցուցակում` «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում: «Օսկար» մրցանակաբաշխության երկար ցուցակում երկու հայկական ֆիլմ էլ է ընդգրկվել, բայց դրանից այն կողմ դժվար է պատկերացնել, որովհետև այնտեղ ամբողջովին այլ պատմություն է: Ես այն ժամանակ խորացա այդ ամենի մեջ և հասկացա, որ դա անհասանելի մի պատմութուն է:
Հայ կինոարտադրողի համար «Օսկար»-ի անհասանելիության հիմնական պատճառները որո՞նք են:
Առաջին հերթին՝ որակը, իսկ, եթե նույնիսկ ֆիլմը որակյալ է, ապա դրանից հետո մեծ աշխատանք է պետք տանել: Դա կապված է գումարների, այնտեղի նիստուկացի հետ: Դրանք լուրջ տեխնոլոգիաներ են, որոնց միջով ամեն մեկը չի կարող անցնել:
Նոր չափանիշներում, մասնավորապես, սեռական փոքրամասնություններին (ԼԳԲՏ) վերաբերող հատվածում Դուք դիտավորություն նկատու՞մ եք: Չե՞ք կարծում, որ այդ կերպ ցանկանում են պրոպագանդել նրանց արժեքներն ու ինչ-որ տեղ նաև թելադրել այդ արժեհամակարգը:
Ճնշում է գործադրվում, որն ուղղակի անընդունելի է: Ընդհակառակը, ես ամեն ինչ կանեմ, որ նմանատիպ երևույթներ իմ ֆիլմում չլինեն:
Հնարավո՞ր է, որ առաջադրված սահմանափակումներից հետո «Օսկար»-ը կորցնի իր «լեգենդար նշանակությունը»:
Ամեն դեպքում, ամեն ինչ դրան է գնում: Ամեն ինչ քաղաքականացվում է:
Օլյա Շահինյան