«Մանկության տարիներին ընդհանրապես չենք զգացել, որ սեր ունի արվեստի` հատկապես դերասանության նկատմամբ: Ուշքն ու միտքը սպորտն էր, բացի սպորտից՝ ոչ մի բան: Շատ աշխույժ երեխա էր, ճարպիկ: Կարատե մարզաձևով էր զբաղվում, շատ էր սիրում, շատ էր աշխատում իր վրա: Անգամ  հասցրել էր հաջողությունների հասնել, մեդալներ նվաճել...

...Երեքուկես տարեկանում թերթ էր կարդում: Չորսուկեսում դպրոց գնաց: Ինքն իր հասակակիցներից  երկու տարի շուտ  ավարտեց դպրոցը: Հրաշալի հիշողություն ուներ: Անընդհատ հարցեր էր տալիս: Ու նրա հարցերը երբեք անպատասխան չէինք թողնում»,- վերհիշում է դերասան, մնջախաղաց Հովհաննես Հաջինյանի հայրը` Աշոտը:

«Հովոն շատ էր սիրում Լեոնիդ Ենգիբարյանին:  Թերևս լեգենդար ծաղրածուի նկատմամբ սերն էր, որ Հովոյի մոտ արթնացրել էր սերը դեպի թատրոնը, դեպի մնջախաղը:  Դպրոցն ավարտելուց հետո գնաց իր երազանքի հետևից: 98-ին ծանոթացավ մնջախաղաց Արա Հարությունյանի հետ, ապա ընդունվեց նրա պարի խումբ: 2003-ին էլ հիմնադրեցին «Միմ Ստուդիո»-ն, իսկ արդեն 2006-ին ընդունվեց թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Շուրջ հինգ տարի Մոսկվայում էր ապրում, բայց երբեք կապը չէր կտրում Հայրենիքի հետ` գնում-գալիս Էր: 2013-ից Երևանի մնջախաղի պետական թատրոնում էր խաղում: Հովոն ապրում էր իր մասնագիտությամբ: Երազում էր զարգացնել իր արվեստը: Փորձում էր ամեն անգամ հանդիսատեսին նորովի ներկայանալ...

...Հովոն, բանակում տանկի հրամանատար է եղել: Հոկտեմբերյանի տանկային ուսումնական զորամասում կես տարի մասնագիտանալուց հետո, ծառայությունը շարունակեց Խնձորեսկում: Քսան տարեկան էր, երբ բանակից եկավ:  Ամուսնացավ, ու մեկը մյուսի հետևից ծնվեցին սիրելի թոռներս` Անահիտը, Աշոտն ու Անուշիկը: Երեքն էլ խելացի երեխաներ են: Հովոն իր երեխաների հետ ընկերություն էր անում, զովակների ավագ ընկերն էր, նրանց լավագույն խորհրդատուն: Մեր ընտանիքում պարզապես այլ կերպ չէր կարող լինել:

...2020-ի սեպտեմբերի 27-ը գլխիվայր շուռ տվեց  բոլորիս կյանքը: Հովոն բոլորիս խաբեց, թե՝ ինձ կանչել են, ճակատ են տանում: Հոկտեմբերի 2-ին կամավորագրվեց: Անգամ երեխաները հետ չպահեցին որդուս: Ինքը ստույգ որոշել էր, որ պետք է անպայման գնար: Ես իրեն ասացի` երեխեքիդ ում հույսով ես թողնում: Պատասխանեց` բա այնտեղի երեխեքը: Այնտեղի երեխեքը  ծնող չունեն...

...Զորահավաքակայանում էլ էր խաբել, թե մեկ երեխա ունեմ: Սկզբում տարել էին Շամշադին: Հովոն այսքանով չէր բավարարվել: Կրկին դիմելով «խորամանկության»՝ ուրիշի անուն-ազգանունով նստում է մահապարտների ջոկատի գազելը` ուղիղ Քելբաջար (Քարավաճառ), այնտեղից էլ Մատաղիս:

Ամեն օր խոսել ենք հետը: Անընդհատ կապի մեջ ենք եղել: Երբեք չի բողոքել: Ասում էր դուք լավ մնացեք, այստեղ ամեն բան լավ է: Առհասարակ ինքը դժգոհող մարդ չէր, ինչքան էլ իր համար դժվար ու բարդ լիներ`չէր տրտնջում: Իր տեսակն էր այդպիսին:

Վերջին անգամ հոկտեմբերի 18-ին խոսեցինք, իսկ 19-ի առավոտյան խրամատի մեջ հակառակորդի արկի պայթյունից զոհվեց: Ու նույն օրը որդուս զոհվելու բոթը տարածվեց երկրով մեկ: Բոլորին ժպիտ պարգևող մնջախաղացն ընկավ 44-օրյա պատերազմում՝ կիստ թողնելով մի ամբողջ կյանք, անկատար երազանքներ ու նպատակներ:

Հովոս շատ բան կիսատ թողեց: Իր բոլոր նպատակները նախ արվեստի ու ընտանիքի հետ էին կապված:

Տղաս մեծ ընկերական շրջապատ ուներ և այսօր էլ ունի: Բոլորն էլ մինչ օրս գալիս են, հիշում են: Բոլորի հետ կապ կա: Ու դա ինձ ուժ է տալիս...»:

Առանց ընդհատելու լսում էի դերասան, մնջախաղաց-ծաղրածու Հովհաննես Հաջինյանի հոր պատմությունը: Նրա խոսքերում անասելի կարոտ ու ափսոսանք կար ու մեծ հպարտություն: Անջատում եմ հեռախոսը և փորձում` համացանցում գտնել կարծիքներ Հովհաննեսի մասին:

Ընկերները, մտերիմներն ու նրան ճանաչողները միաբերան՝  լուսավոր, բարի, ժպտերես բառերով են բնորոշում Ծաղրածու Հովոյին: Ասում են`նա շրջապատի հոգին էր, իսկ հումորը նրա արյան մեջ էր: Զարմանալի էներգետիկա ուներ` պոզիտիվ մարդ էր: Մտերիմները չեն հիշում որևէ դեպք, որ Հովոն կոնֆլիկտի մեջ մտներ, ընդհակառակը՝ լարված մթնոլորտը փոխվում էր ծաղրածու Հովոյի ներկայությունից: Բոլորին հաշտեցնելու, մտերմացնելու մեծ ձիրք ուներ Հովոն:

Կատակերգակ ու դրամատիկ դերերով Հովհաննես Հաջինյանը ազնիվ էր թե բեմում և թե կյանքում: Ասվածի ապացույցն էլ հենց պատերազմի առաջին օրերին արտիստի առաջնագծում լինելն էր: Մարտական ընկերները «Վիսյոլ» մականունն էին տվել, քանզի պատերազմ գնացած ծաղրածուն իր հետ մի բուռ հումոր ու ծիծաղ էր տարել: Ցավոք, չարաբաստիկ պատերազմում զոհվեց նաև հայտնի ծաղրածու Հովոն ու անդարձ դատարկ թողեց իր տեղն այս աշխարհում:

Հայկ Մագոյան

2695