Երեւի գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մեր երկրում բնակվում են 3000000 «քաղաքագետներ», «քաղաքական գործիչներ», «վարչապետներ», «նախարարներ»: Ինչպես այդպես ստացվե՞ց։ Որովհետեւ, ինչպես բնորոշ է մեր ազգին` յուրաքանչյուրին թվում է, թե ինքն անձամբ կարող է լավագույնս ղեկավարել երկիրը, անկախ այն բանից` բանվոր է, վարորդ, տնտեսագետ, թե քաղաքական գործիչ:

 

Երկիր կառավարելը բարդագույն առաքելություն է: Հույն փիլիսոփա Արիստոտելը պետությունը համարում էր բնականության, արդարության, գեղեցկության և համընդհանուր բարիքի մարմնավորում: Հույն իմաստասերը հավատում էր, որ քաղաքականությունն ուղղակիորեն կապված է բարոյականության հետ: Քանի որ քաղաքականության նպատակը մարդկային երջանկության ապահովումն է, ապա հնարավոր չէ դրան հասնել անբարո ճանապարհներով: Հետևաբար, քաղաքական գործչի ամենակարևոր հատկանիշներից մեկը նրա բարոյական նկարագիրն է: Այսպիսով` չկա քաղաքականություն, առանց բարոյականության:

 

Եկեք ընդունեք, որ մեզանից ոչ բոլորին է բնորոշ այն բարոյական նկարագիրը, որը կստիպի մշտապես այլոց երջանկության համար պայքարել: Եվ, առհասարակ, «բարօրության» և «երջանկության» մասին եղած պատկերացումները կարող են արմատականորեն տարբեր լինել:

 

Ներկայում հայ հասարակության շրջանում, ի տարբերություն խորհրդային ժամանակների, համընդհանուր իդեալներ գոյություն չունեն. առանձին հասարակական խմբեր տարբեր արժեքների են հարում: Այսինքն՝ ժամանակակից հայ հասարակությունը համընդհանուր հասարակական իդեալների ճգնաժամ է ապրում: Հասարակությունը համաչափորեն չի զարգանում, ուստի տարբեր են «լավի և վատի» մասին եղած համատարած պատկերացումները: Պատկերացնու՞մ եք, թե որքան բարդ է երկրի ղեկավարի համար բազմակարծիք հասարակության կառավարումը: Եթե ասվածը մեր երկրի օրինակով պրոյեկտենք, ապա կարող ենք ասել, որ մեր հասարակությանը լավագույնս բնորոշում է «ծայրահեղությունից ծայրահեղություն» արտահայտությունը: Մեր երկրում կողք կողքի բնակվում են հասարության ավանդական, մոդեռն ու պոստմոդեռն շերտերը: Այս երեք սեգմենտներն իրենց ուրույն դերն ունեն մեր հասարակության մեջ` իրենց բոլոր առանձնահատկություններով հանդերձ:

 

Ավանդական  հասարակության մեջ սոցիալական բոլոր հարաբերությունները կարգավորվում են բացառապես ավանդույթներով ու սովորույթներով: Դրանց պահպանումն ու նույնական վերարտադրությունը նրանց համար ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան երկրի զարգացումը:

 

Ավանդական հասարակության պատկերացումները երկրի ղեկավարի ու առհասարակ կառավարման մասին բավականին ինքնատիպ են: Երկրի ղեկավարի անմիջականությունը, տոլերանտությունն ու հավասարակշռվածությունը նման մարդկանց մոտ կարող է բումերանգի էֆեկտով ընկալվել: Նման մարդկանց համար տարօրինակ է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան պահանջվող որակավորումների բացակայության պայմաններում իր մոտ ազգականին կամ ընկերոջն աշխատանքի չի ընդունում, կամ հիմնավոր կասկածների առկայությամբ՝ պատասխանատվության ենթարկում վերջինիս: Սա մի մշակույթ է, որը մեզ մոտ ադապտացվելու անհրաժեշտություն ունի:

 

Ավանդական հասարակության սեգմենտի համար մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մասին բարձրաձայնելը «գործ տալ» է: Դե, հիմա նման հասարակության հետ ինչպես վարվի թավշյա, ոչ բռնի հեղափոխության միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը. ժողովրդավար ղեկավարի պես է հետները վարվում՝ «թուլության» նշան է ընկալվում, փորձում է մատնանշել վերջիններիս սխալները՝ ասում են «բան ու գործ չունի», ուրիշներին խորհուրդներ է տալիս:

 

Մոդեռն հասարակությունն ամեն բան կառուցում է բանականության հենքի վրա: Նրանցից շատերը ռացիոնալ դատողություններ են կատարում և շատ հաճախ քննադատում են վարչապետի և նրա ընտանիքի անդամների «իռացիոնալ» հրապարակումները: Երբ ուսումնասիրում ես համաշխարհային փորձը և հասկանում, որ քաղաքական գործիչների կողմից ընտանեկան կյանքի մանրամասների վերհանումը հիմնականում դրական արձագանքների է արժանանում: Այսպես, օրինակ, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն իր «Ընդհանուր հայտարար» գրքում նկարագրում է, թե ինչպես է ինքն աշխատանքից հոգնած տուն գնում ու այնուհետև երեխաների հետ խաղալու միջոցով հանգստանում: Հիմա ի՞նչ վատ բան է անում Նիկոլ Փաշինանը՝ իր ընտանեկան կյանքի մանրամասները երևան հանելով: Դեռ ավելին, ժողովրդավար ղեկավարի գործունեությունն ամբողջությամբ պետք է թափանցիկ լինի:

 

Հետարդյունաբերական կամ պոստմոդեռն հասարակությունն արդեն, ձգտելով արագորեն հարմարվել փոխակերպվող պայմաններին, սկսում է մերժել կայունությունը: Ուստի նրանցից շատերի համար պարտադիր կանոնների առկայությունը շատ հաճախ կարող է անընդունելի լինել:

 

Այստեղ, շատ տրամաբանական հարց է ծագում. ինչպե՞ս կառավարել այս բարդագույն խճանկարում: Ի՞նչ մոտեցումներով պետք է կառավարի վարչապետ Փաշինյանը, որպեսզի գոհացնի ավանդական, մոդեռն և պոստմոդեռն սեգմենտներին: Մի բան հստակ է. երկրի ղեկավարը պետք է մտածի համընդհանուր բարօրության մասին, ինչը որ Փաշինյանը ներկայում անում է: Վարչապետը փորձում է հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծել բոլորի սպասելիքների ռեալիզացման համար: Բնական է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի այս պարզագույն ալգորիթմը. իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում են քո իրավունքները:

 

 

Օլյա Շահինյան

 

2162