Չինաստանի իշխանությունները թույլ չեն տա Վաշինգտոնին օգտագործել Պեկինի Օլիմպիական խաղերը ՉԺՀ-ի ներքին գործերին միջամտելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ժաո Լիջյանը։

«Մենք թույլ չենք տա արտաքին ուժերին որևէ պատրվակով  միջամտել մեր երկրի ներքին գործերին։ Միացյալ Նահանգները զրպարտում է Չինաստանին՝ որպես պատրվակ օգտագործելով ենթադրյալ ռասայական խտրականությունը և հարկադիր աշխատանքը Սինցզյանում: Սպորտի նման քաղաքականացումը խախտում է օլիմպիական ոգին»,- նշել է նա ճեպազրույցում։
Դիվանագետը հիշեցրել է, որ որոշ ամերիկացի քաղաքական գործիչների կողմից Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու փորձերը խախտում են ամբողջ աշխարհի մարզիկների շահերը։

«Ամերիկյան կողմի բոլոր մեղադրանքները Չինաստանի դեմ՝ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ինչպես այս, այնպես էլ այլ հարցերում իրականությանը չեն համապատասխանում, դրանք բացարձակապես անհիմն են», - հավելել է Չժաո Լիջյանը։

269