
«Թույլ տվեք ներկայացնել նշանակված փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ով նախորդ երեք տարիներին զբաղեցրել է Արմավիրի մարզպետի պաշտոնը»,- այս մասին այսօր գործադիրի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ փոխվարչապետին` հաջողություն մաղթելով, և խոսքը փոխանցեց Մաթևոսյանին. «Շնորհակալություն Ձեզ, բարձր վստահության համար, շնորհակալություն Կառավարության հարգարժան գործընկերներին, պարոն Պապիկյանին, մարզի գործընկերներին, ազգաբնակչությանը այս տարիների համատեղ աշխատանքի համար, և իհարկե այս բարձր և պարտավորեցնող կարգավիճակում փորձելու եմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները»,- իր խոսքում ասաց նորանշանակ փոխվարչապետը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ, միանալով շնորհավորանքին, նույնպես հաջողություն մաղթեց նորանշանակ փոխվարչապետին՝ հաշվի առնելով Արմավիրի մարզպետի կարգավիճակում նրա գործունեությունը և արդյունավետ աշխատանքը: Պապիկյանը կարծիք հայտնեց, որ ամեն ինչ կընթանա բնականոն հունով, և նախարարը պատրաստակամություն հայտնեց իր ուժերի չափով աջակցել փոխվարչապետին բոլոր հնարավոր օղակներում:
Հիշեցնենք` Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ: