Երեկ՝ նոյեմբերի 28-ին,  «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Կամո Մ.-ն:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «Արարատ» բժշկական կենտրոն, ապա «Արմենիա»  բժշկական կենտրոն էր տեղափոխվել  ծայրահեղ ծանր ախտրոոշմամբ՝ նոյեմբերի 22-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զանգակատուն գյուղի սկզբնամասում  իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով հողաթմբին բախվելու և գլխիվայր  շրջվելու հետևանքով:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փաստի առթիվ  Ա. Գաբրիելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:​

Նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Վարդաշատ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ« բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արարատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում էր նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել։  

482