Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Տառերի պուրակի հարևանությամբ գտնվող խաչի մոտ բախվել են  BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաների առջևի անվահեծանները կոտրվել են, իսկ BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Օպերատիվորեն  դեպքի վայր  են  ժամանել  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողերը՝ վաշտի հրամանատար  Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար  Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը: Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

725