«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը կրկին հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, եւ այդ օրը հանրության ուշադրությունը սեւեռվեց այդ ուղղությամբ՝ դուրս թողնելով մեկ այլ կարեւոր թեմայի որոշ գլխավոր մանրամասներ։ Խոսքը Հայկական ԱԷԿ-ում կայացած  պաշտոնական հանդիպման մասին է՝ նվիրված 2016-ից ՀԱԷԿ-ում ընթացող թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի արդյունքների ամփոփմանը։ Նույն օրը հաղորդագրություն տարածեց նաեւ ՏԿԵ նախարարությունը։ Այստեղ նշվում էր, որ «այս ծավալուն նախագիծն առանց չափազանցության կարելի է համարել Հայաստանի կարեւորագույն նախագծերից մեկը։ Դրա վրա կանգ առնել չենք պատրաստվում ու մեր առջեւ նոր նպատակներ ենք դնում. դա 2026 թ. հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգումն է եւ ոլորտի հետագա զարգացումը՝ նոր ատոմակայանի կառուցումը» «ՀՀ»-ն փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  էներգետիկայի գծով փոխնախարար Հակոբ Վարդանյանից։ -Պարոն Վարդանյան, նոր միջուկային բլոկ ունենալու համար, համենայնդեպս, եթե ուզում ենք ավանդական եւ միջին ու ավելի հզորության բլոկ, 7-8 տարի է պետք։ Հստակեցնենք, որ մենք նոր ատոմակայանի մասին պետք է մտածենք ոչ թե ատոմակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգումից հետո, այլ՝  արդեն այս ընթացքում։ Որպեսզի երբ գործողը հանենք շահագործումից, նորն արդեն ունենանք։ Ոչ թե գործողը շահագործումից հանելուց հետո մտածենք, որ մեզ պետք է նոր բլոկ։ -Այո, ճիշտ եք, 2025-26 թթ. արդեն պետք է սկսվի նոր բլոկի շինարարությունը։ -Նոր բլոկի գործն այս ընթացքում սկսելու համար մենք արդեն պետք է բանակցություններ, պայմանավորվածություններ ունենայինք։ -Իսկ ո՞վ է ասել, որ չունենք։ Աշխատանքային խումբ է ձեւավորվում։ Նախնական կոնսուլտացիաներ ունեցել ենք։ Ուժեղացված ռեժիմով աշխատելու ենք։ Երեք ամսվա ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր դրա վերաբերյալ։ Մենք աշխատում ենք փաստաթղթի նախագծի շուրջ։  -Լավ, փաստորեն, մենք ավելի որոշակի կխոսենք 3 ամիս հետո։ -3 ամիս հետո կունենանք ստորագրված փաստաթուղթ, որը կլինի, կրկնում եմ, համապարփակ, թե ինչի շուրջ ենք խոսում, եւ ինչ ժամկետներում ինչ փաստաթղթեր պետք է մշակվեն։ -Այսինքն՝ կունենանք ոլորտում մեր քայլերի նախափաստաթուղթը։ -Այո»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

169