ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է դեկտեմբերի 1-ին:

 

Օրվա նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին գլոբալ իրազեկությունը և միջազգային համերաշխություն ցուցաբերել համաճարակի դեմ պայքարում: Ամբողջ աշխարհում մարդիկ միավորվում են՝ աջակցություն ցուցաբերելու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և հիշելու ՁԻԱՀ-ի հետ կապակցված հիվանդություններից մահացածներին: Այս տարվա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է` «Վե՛րջ դնենք անհավասարությանը», «Վե՛րջ դնենք ՁԻԱՀ-ին» և «Վե՛րջ դնենք համավարակներին»:

 

ՀՀ քաղաքացիների շրջանում 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակի 344 նոր, որից 163-ը` ՁԻԱՀ-ի դեպքեր: Գրանցվել է մահվան 81 դեպք, որոնցից 61-ը` արական և 20-ը` իգական սեռի շրջանում: Հղիության ընթացքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 17 դեպք։

 

2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում իրենց կարգավիճակն իմացող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը կազմել է 3489, որոնցից հակառետրովիրուսային բուժման մեջ ընդգրկված է 2603 մարդ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում մեր երկիրը բազմաթիվ հաջողություններ է գրանցել։

 

Նոր կորոնավիրուսային համավարակն (COVID-19), ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լրջագույն մարտահրավեր է: Սակայն պետք է փաստենք, որ քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների հետ մեր համատեղ ջանքերի շնորհիվ` COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակում մեր երկրում հակառետրովիուսային բուժման ընդհատումներ գրեթե չեն եղել:

196