Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ առաջնորդները հիմնականում խոսել են Ուկրաինայի արևելյան սահմանների մոտ ռուս զինվորականների ենթադրյալ ակտիվության հետ կապված իրավիճակի մասին։ «Վարչապետ Թրյուդոն հայտարարեց Ռուսաստանի կողմից իրավիճակի դեէսկալացիայի հրատապ անհրաժեշտության մասին, ինչպես նաև վերահաստատեց Կանադայի շարունակական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Թրյուդոն և Զելենսկին քննարկել են նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի դեմ պայքարը և ուկրաինական Boeing ինքնաթիռի կործանման շուրջ ստեղծված իրավիճակը, որը խոցվել էր Թեհրանի երկնքում 2020 թվականի հունվարին։

 

688