
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել «3+3» ձևաչափով առաջին հանդիպման մասին։
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին հանդիպումը՝ որին մասնակցել են փոխարտգործնախարարները՝ Ռուսաստանից՝ Ա.Յու Ռուդենկոն, Ադրբեջանից՝ Հ.Ա. Խալաֆովն, Հայաստանից՝ Վ.Ա.Գևորգյանը, Թուրքիայից Ս. Օնալը , ինչպես նաև Իրանի արտգործնախարարության գլխավոր տնօրեն Ա. Հագիգան։ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ մնացին հանդիպմանը մասնակցելուց։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցներին հետաքրքրող գործնական հարցերի վրա։ Դրանք ներառում են վստահության բարձրացման, առևտրի, տնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելուն ուղղված միջոցառումներ:
Հինգ երկրների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել միացնել վրացական կողմին հարթակի աշխատանքներին․ նրանց համար «դուռը» մնում է բաց։
Քննարկվել են հետագա քայլերն ու աշխատանքային ծրագրերը՝ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հնարավոր ներգրավմամբ։