
Անկարան կարծում է, որ չի եկել Աֆղանստանում թալիբների կառավարության ճանաչման ժամանակը։ Շարժման ներկայացուցիչները նույնպես հասկանում են, որ դեռ վաղ է նման քայլի համար։ Նման հայտարարություն արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Թալիբանի ճանաչումը դեռ օրակարգ չի մտել: Եվ թալիբները նույնպես հասկանում են, որ դրա համար դեռ վաղ է: Մենք որոշակի հարցումներ ենք ունեցել, բայց դա չի նշանակում, որ ճանաչում ենք»,- նշել է Չավուշօղլուն լրագրողներին:
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան խորհուրդ է տալիս թալիբներին մեծացնել կառավարության ներգրավվածությունը ինչպես քաղաքական, այնպես էլ էթնիկական հարցերի շուրջ: Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ընդհանրապես կանանց իրավունքներին և հատկապես աղջիկների կրթության իրավունքին։