
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր` Սեդրակ Թևոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը, այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություններ է տարածել առ այն, որ եթե հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։
Նշենք, որ Սեդրակ Թևոնյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին է։
Երկուսն էլ պատգամավոր են եղել նաև 2019-2021թվականներին, այն ժամանակ ԱԺ էին անցել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով, իսկ 2021թ. հունիսի 20-ին պատգամավոր էին ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: