![](https://araratnews.am/admin/images/1641902864.jpg)
Օրերս համացանցում տարածվել էր 4-ամյա Դավիթի լուսանկարներով հրապարակում, որտեղ նրա մայրը՝ Լուսինեն, խնդրում էր աջակցել, որպեսզի փոքրիկ Դավիթը բուժվի։
Araratnews.am-ը կապ է հաստատել երեխայի մոր՝ Լուսինե Իսկանդարյանի հետ՝ ճշտելու համար, թե 4-ամյա Դավիթը բուժման որ փուլում է գտնվում։ Մայրը պատմում է․
«Դավիթը ծնվել է 2018 թվականի մարտի 10-ին։ Առողջ երեխա է եղել, առաջնեկս է։ Հիվանդացել է ականջաբորբով, բուժվել է սեպտեմբեր ամսին։ Նոյեմբերի 11-ին սկսել է ջերմել, ջերմիջեցնող ենք տվել, որից հետո լավ էր իրեն զգում։ Հաջորդ օրը նորից է ջերմել, որի ընթացքում նաև փսխոց է ունեցել, զանգահարել եմ մանկաբույժին, ինչից հետո երեխային պառկեցրել են հիվանդանոց։ Այս ընթացքում երեխան դեռ գիտակցություն ուներ, բայց նոյեմբերի 13-ին՝ օրվա կեսից, բալիկս ավելի է վատանում, սկսում է կորցնել ռեֆլեքսները։ Ես պնդում եմ տեղափոխել Երեւան, քանզի մենք Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» էինք։ Մեկ օր անց՝ նոյեմբերի 14-ին, տեղափոխվում ենք Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, արդեն ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում, արհեստական շնչառությունով։
Վերակենդանացման բաժանմունքում անհապաղ բուժօգնություն և հետազոտություններ են սկսում եւ երեխային ախտորոշում են սեպսիս, բակտերիալ մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, երկկողմանի թոքաբորբ։ Բարդացման հետեւանքով առաջանում է հիդրոցեֆալիա, ցնցումներ, հիպերկինեզներ»։
Մայրիկը՝ Լուսինեն, վերջում հավելեց, որ արդեն երկու ամսում 4-ամյա փոքրիկը երեք վիրահատություն է տարել, իսկ այժմ երեխայի վիճակը կայուն է։
Հիշեցնենք, որ 4-֊ամյա Միսակյան Դավիթը կովիդից հետո հայտնվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Նոյեմբեր ամսից մինչ այսօր, գլխում բորբոքային պրոցեսների հետեւանքով, Դավիթը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Մի շարք խնդիրներ կան այս պահին, որոնք հրատապ բուժում են պահանջում։ Բժշկական կենտրոնը անվճար բուժում է իրականացնում, սակայն ահավոր թանկ դեղորայքը ծնողները ձեռք են բերում տարբեր տեղերից։ Երկու ամիս երեխայի բուժման համար մեծ գումարներ են ծախսվել, հիմա ծնողները թեև հնարավորություն չունեն, սակայն ուղիներ են փնտրում փրկելու իրենց առաջնեկի կյանքը։ Մայրը՝ Լուսինե Իսկանդարյանը, իր անունով հաշվեհամար է բացել «Ակբա» բանկում։
Խնդրում ենք բոլոր հնարավորություն ունեցողներին փոքր գումարով անգամ օգնել Դավիթին։
Հաշվեհամարներ
RUR 220093480105958
EUR 220093480493002
USD 220093481772001
AMD 220093488470000
Փոքրիկ Դավիթին օգնելու կամ հիվանդության մասին մանրամասներ իմանալու համար կարող եք կապ հաստատել մոր՝ Լուսինեի հետ՝ զանգահարելով +374 43֊ 33֊40֊50 հեռախոսահամարով։