Սոցփաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցփաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը բանկից ստանում է սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք (տեղեկանքում նշված է լինում, որ հաշիվը՝ հանդիսանում է սոցփաթեթի հատուկ հաշիվ)՝ սոցփաթեթի շահառու կազմակերպությանը կամ բանկին ներկայացնելու համար: Սոցփաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողն` առաջին անգամ սոցփաթեթի հաշիվ բացելու, այլ բանկում սոցփաթեթի հաշիվ բացելու դեպքերում, լրացնում է սոցփաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ձևի, որը նշված տեղեկանքի հետ միասին, ներկայացվում է աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանում:

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում վեց ամսվա աշխատանքային ստաժը լրացած աշխատողի\` սոցփաթեթից օգտվելու իրավունքի ծագման ամիս է համարվում վեց ամսվա աշխատանքային ստաժը լրանալու ամիսը, սակայն պատասխանատու ստորաբաժանումը սոցփաթեթի գումարն աշխատողին փոխանցում է վերը նշված դիմումը և տեղեկանքն իրեն ներկայացնելու ամսվանից սկսած։ Տվյալ դեպքում՝

1) շահառուին տվյալ բյուջետային տարվա համար սոցփաթեթը տրամադրվում է տվյալ ամսվանից սկսած` մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտն ընկած ժամանակահատվածի ամիսների համար.

2) որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով աշխատող սոցփաթեթի շահառուին՝ տվյալ բյուջետային տարվա համար սոցփաթեթը ևս տրամադրվում է տվյալ ամսվանից սկսած` մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտն ընկած ժամանակահատվածի ամիսների համար, սակայն ոչ ավելի, քան մինչև պայմանագրով սահմանված ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի ամիսների համար.

3) վերը նշված դիմումը և տեղեկանքը պատասխանատու ստորաբաժանում ներկայացնելու ամսվա համար սոցփաթեթի գումարը ենթակա է փոխանցման շահառուին, եթե նա տվյալ ամսում ունեցել է նույնիսկ մեկ աշխատանքային օր:

563