
Իռլանդական Ryanair ավիաընկերությունը թույլատրել է անվճար վերամրագրել 2020 թվականի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներն ամրագրված ավիատոմսերը։ Այս մասին տեղեկանում ենք Аvianews.com կայքից։
Նշվում է, որ եթե ուղեւորը չի կարող թռչել իշխանությունների արգելքների պատճառով, կամ այլ պատճառներով ցանկանում է փոխել տոմսը, նա դա կարող է անել անվճար, պայմանով, որ նոր թռիչքը կլինի 2021 թվականի մարտի 21-ից ոչ ուշ։
Փոփոխության մասին ավիաընկերությանը պետք է տեղեկացվի մեկնման նախնական ժամանակից առնվազն մեկ շաբաթ առաջ։ Հակառակ դեպքում Ryanair-ը կկիրառի ստանդարտ կանոնները, ըստ որի սահմանվում է 35-95 եվրո յուրաքանչյուր թռիչքի համար։
Միեւնույն ժամանակ, Ryanair-ի` տուգանքներից ժամանակավոր հրաժարումը ուղեւորին չի ազատում տոմսի տարիֆային տարբերության վճարից, եթե նոր տոմսը ավելի թանկ լինի նախկինից։
Ընդ որում, այս նոր քաղաքականությունը վերաբերում է միայն ամրագրման կամավոր փոփոխության դեպքերին։ Եթե ավիաընկերությունը փոփոխի չվացուցակը կամ չեղարկի չվերթը, ապա ուղեւորը իրավունք կստանա տոմսի համար վճարված գումարը ամբողջությամբ հետ ստանալու կամ ամրագրման անվճար փոփոխության` առանց տարիֆային տարբերության վճարի։