
Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը 2021-ին բարեգործական նպատակների է հատկացրել իր ընկերության 5 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 5,7 մլրդ դոլար։ Այս մասին հայտնի է դարձել փաստաթղթերից, որոնք միլիարդատերը փոխանցել է ԱՄՆ համապատասխան մարմիններին։
Փաստաթղթերում նշված չէ, թե կոնկրետ ով է ստացել բաժնետոմսերը։ «Ինտերֆաքսը» գրում է, որ բարեգործությունն արվել է 2021-ի այն ժամանակահատվածում, երբ բաժնետոմսերը վաճառքի էին հանվել։ Այդ ժամանակ Մասկը վաճառել է 16 մլրդ դոլար արժողության բաժնետոմսեր։
Անցած տարվա դեկտեմբերին Մասկը հայտնել էր, որ բարեգործություն կատարելուց հետո ինքը 11 մլրդ դոլար հարկ է վճարելու։
Chronicle of Philanthropy-ի տվյալներով՝ Մասկը 2021-ին կատարած բարեգործության ծավալներով երկրորդն է։ Նրանից առաջ է անցել միայն Բիլ Գեյթսը և նրա նախկին կինը, որոնք 2021-ին բարեգործական նպատակների են ծառայեցրել 15 մլրդ դոլար։