Փետրվարի 26-ին Շիրակի մարզի Մեծ Սարիարի անտառային հատվածում տեղի կունենա «Շիրակի ձմեռ 2022» փառատոնը։ Միջոցառման մուտքն անվճար է, բաց է բոլորի համար։
Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը տեղեկացրել է, թե Երևանից ինչպես կարելի է հասնել Գյումրի և ինչ փոխադրամիջոցով տեղափոխվել Մեծ Սարիար:
Գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Փետրվարի 26-ին Երևանի քաղաքի Սևանի փողոցից (Երևան տոնավաճառի դիմաց) ժամը 10։00-ին կուղևորվեն դեպի Գյումրի Ford Transit մեքենաներ, որոնց ուղեվարձը 1500դրամ է։
Գյումրիում 3 կանգառներում ‹‹Շիրակի ձմեռ 2022›› տարբերանշանով միկրոավտոբուսները կտեղափոխեն մասնակիցներին Մեծ Սարիար։
Երկաթգծի կայարանից միկրոավտոբուսը կշարժվի ժամը 11։40-ին, Վարդանանց հրապարակից՝ ժամը 12։00-ին, Գյումրու ավտոկայարանից՝ ժամը 12։10-ին։ Գյումրուց Մեծ Սարիարի ուղեվարձը 400 դրամ է։
Գյումրուց Մեծ Սարիար կարող եք տեղափոխվել նաև ներմարզային երթուղով՝ Գյումրու ավտոկայարանից։ Գյումրուց մեկնման ժամերն են՝ 09։00-ին, 11։00-ին, 13։00-ին, 15։00-ին ուղեվարձը՝ 200 դրամ է։
Փառատոնի տարածքում ներկայացված են 10 ռեստորաններ, որոնք ազգային, եվրոպական և արևելյան խոհանոցներն են ներկայացնում։ Ռեստորանների տաղավարներից կարելի է գնել տաք ըմպելիք ու համեղ խորտիկներ։
Տարածքում կարող եք վարձակալել դահուկներ, սահնակներ կամ օգտվել մի քանի վճարովի ծառայություններից։
Անպայման պետք է կրել ջրակայուն կոշիկներ, չմոռանալ տաք գլխարկի, ձեռնոցների և արևային ակնոցների մասին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Շիրակի ձմեռ-2022» ամենամյա փառատոնն այս տարի անցկացվելու է փետրվարի 26-ին Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի անտառային հատվածում:
Միջոցառումը կրկին Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ու Շիրակի մարզպետարանի համագործակցությամբ է տեղի ունենալու: