Գործարար Ռոման Աբրամովիչը Բելառուսում օգնում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացին ուկրաինական կողմի խնդրանքով: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։

Ըստ պարբերականի՝ «Աբրամովիչն Ուկրաինայի խնդրանքով այժմ գտնվում է Բելառուսում և օգնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում»։

Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվհեն Կորնիյչուկը հրաժարվել է թերթին մեկնաբանել Աբրամովիչի ենթադրյալ դերը բանակցային գործընթացում, սակայն ասել է, որ Ուկրաինան «բարձր է գնահատում յուրաքանչյուրի օգնությունը, ով կարող է օգնել, եթե նա բավարար ազդեցություն ունենա»։

Հրատարակությունը հայտնում է նաև, որ, ըստ պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու, ուկրաինական իշխանությունները կապվել են նրա, ինչպես նաև Ռուսաստանի հրեական համայնքի այլ ներկայացուցիչների հետ և խնդրել օգնություն և մասնակցություն հակամարտության կարգավորմանը։ Ռոդնյանսկին թերթին ասել է, որ խոսել է Աբրամովիչի հետ և որոշել է մասնակցել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։

915