Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ մարտի 15-ին ցանկացած տիպի ծխախոտային կամ ծխախոտի փոխարինիչի դասի պատկանող արտադրանքի օգտագործում արգելվելու է, այդ թվում արգելվելու է նաև օրինակ՝ նարգիլեների, սիգարների և մնացածի օգտագործումը, կամ այդ ընկերությունների գործունեությունը: Այս մասին Ազգային ժողովում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Հայտնենք, որ այսօր Ազգային ժողովը հրավիրել է արտահերթ նիստ և այս պահին քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
Լենա Նանուշյանը դրական պատասխան տվեց. «Այո, պարոն Թունյան, բոլոր այն արտադրատեսակները, որոնք կընկնեն օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների սահմանումների տակ, դրանք կարգելվեն մարտի 15-ից սկսած՝ հանրային սննդի վայրերում: Միաժամանակ պետք է հատուկ նշեմ, որ ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը արգելված է մի շարք փակ հանրային վայրերում՝ ինչպիսիք են աշխատատեղերը, հյուրանոցային հաստատությունները և այլն»,-ասաց նա: