
Կոտայքի մարզի Զովունի գյուղում նախնական տվյալներով` նռնակի պայթյունի հետևանքով մահացած ամուսիններն ունեին չորս որդի՝ դպրոցական տարիքի և ավելի մեծ: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց Զովունու վարչական ղեկավար Արտաշես Ղարիբյանը:
Նշենք, որ ոստիկանությունից հայտնել էին, որ այսօր, ժամը 10։40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել: Այնուհետև հայտնաբերվել են 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։ Նախնական տվյալներով` նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։
Վարչական ղեկավարն ասաց, որ ամուսիններին ճանաչում էր, և կարծես թե վեճեր ունեցել էին, սակայն խնդիրներից տեղյակ չէ: «Միայն գիտեմ, որ վերջին ժամանակահատվածում միասին չեն ապրել, բաժանված են եղել, այլ տեղեկություններ չունեմ»,- ասաց նա:
Նա նշեց, որ հիմա ոստիկանությունը ճշտում է մանրամասները, և ինքն էլ քիչ առաջ է դեպքի վայրից դուրս եկել: Արտաշես Ղարիբյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել դպրոցից բավականին հեռու: