ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի քաղաքացի Գ.Ա.-ն, զբաղեցնելով ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, օժտված լինելով կառուցապատողների կողմից կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու վերահսկիչ և կարգադրիչ լիազորություններով, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձ, միջնորդավորված՝ այլ անձի անվամբ հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ առևտրային ընկերություն:

Գ.Ա.-ն կազմակերպել է հիշյալ ընկերությանը ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից շինարարական աշխատանքների կատարման թույլտվություն տալու գործընթացը և 2016թ. փետրվարի 18-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, օրենքով սահմանված արգելքին հակառակ, անմիջականորեն մասնակցել է այդ կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությանը, փաստացի իրականացրել ընկերության կառավարումը, անձամբ տեխնիկական հսկողություն է իրականացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի ու հիշյալ ընկերության միջև կնքված շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ՝ անձամբ կազմակերպելով փաստաթղթերի կազմումը և ստորագրումը, ընդունելով շինարարական աշխատանքների արդյունքները, կազմելով կատարված աշխատանքների վերաբերյալ հանձման-ընդունման ակտերը՝ այդ կերպ հիշյալ ընկերությանը տալով առավելություններ և հովանավորելով դրա գործունեությունը:

Դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հետաքննությունն ավարտելուց հետո այն փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե:

1404