Պենտագոնը Թուրքիային կոչ է անում Ուկրաինային փոխանցել ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերը։ Ավելի վաղ այս տեսակի սպառազինության գնումը հանգեցրել էր Անկարայի և Վաշինգտոնի միջև կոնֆլիկտի, ինչի պատճառով ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի դեմ՝ բացառելով Անկարային «F-35» ինքնաթիռների արտադրության ծրագրից։ 

Օրերս «Sky News Arabia»-ն գրել էր, որ Պենտագոնի խոսնակն ասել էր, որ ԱՄՆ-ն անընդհատ բանակցություններ է վարում Անկարայի հետ, որպեսզի Թուրքիան հրաժարվի ռուսական արտադրության «С-400» զենիթահրթիռային համակարգերից և դրանք տեղափոխի Կիև։ Դրա դիմաց ԱՄՆ-ն առաջարկում է Թուրքիային վերադարձնել հինգերորդ սերնդի «F-35» կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ծրագրին, ինչպես նաև չեղարկել մի շարք պատժամիջոցներ։

Այս առթիվ «Reuters»-ի հետ զրույցում անանուն պաշտոնյան նշել է, որ  ԱՄՆ պաշտոնյաները «վերջին ամիսներին» խոսում էին «S-400» համալիրներ Կիև տեղափոխելու հնարավորության մասին: Այս թեման, մասնավորապես, «համառոտ քննարկվել է» մարտին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ։

Անցած հինգշաբթի ԱՄՆ վարչակազմը հրապարակեց Ուկրաինային մատակարարվող զենքի ամբողջական ցանկը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը ծրագրում է Ուկրաինային լրացուցիչ սպառազինություն փոխանցել՝ ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգեր, հակատանկային համակարգեր, փոքր զենքեր և զինամթերք։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով ԱՄՆ-ը լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք է գտել նրանց համար, և այժմ տարբերակներ են փնտրում դրանք Կիև տեղափոխելու համար։ Բայդենն ասել է, որ «օգնության փաթեթը ներառում է նաև 9000 հակատանկային համակարգ, 7000 հրետանային զենք և 20 միլիոն փամփուշտ»։ Բացի այդ, Պետդեպարտամենտը խոստացել է Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության խորհրդային կամ ռուսական համակարգեր։

Այսպիսով, Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 2 միլիարդ դոլարը։ Վաշինգտոնի խոսքով՝ ուկրաինացի զինծառայողները ստանում են զենքեր, որոնց օգտագործման համար զինվորականներն արդեն պատրաստված են։

1614