Չեղյալ են հայտարարվել նաև Բաքվից դեպի Լոնդոն, Բեռլին, Դուբայ, Մոսկվա, Մինսկ նախատեսված չվերթերը։

Ադրբեջանը դադարեցրել է Նախիջևանի ինքնավարության հետ ավիահաղորդակցությունը։

Տեղեկությունն այսօր հաղորդել են այդ երկրի ԶԼՄ-ները: 

Sputnikarmenia.am-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի տարածքում ռազմական դրության պատճառով Հեյդար Ալիևի անվան Բաքվի օդանավակայանը ժամանակավորապես անցնում է աշխատանքի սահմանափակ ռեժիմի:

Այդ շրջանակում դադարեցվել են «Ադրբեջանական ավիաուղիների» մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ նախատեսված Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ չվերթերը։

Չեղյալ են հայտարարվել նաև Բաքու-Լոնդոն-Բաքու և Բաքու-Բեռլին-Բաքու չվերթերը, որոնք նախատեսված են հոկտեմբերի 1-ին և հոկտեմբերի 2-ին:

Իր հերթին Fly Dubai ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Դուբայ-Բաքու-Դուբայ չվերթերը, որոնք նախատեսված են սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-ին և 3 - ին, «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Բաքու-Մոսկվա չվերթները` հոկտեմբերի 1 - ին և 4-ին, «Բելավիա» ավիաընկերության հոկտեմբերի 2-ին և 4-ին նախատեսված Մինսկ-Բաքու-Մինսկ չվերթերը:


 

872