
«Հիմա մեքենա պատվիրելը մեծ ռիսկեր է պարունակում, որովհետեւ սանկցիաների հետ կապված կարող է լինել այնպիսի ժամանակահատված, երբ պորտը կփակեն ու տեւական ժամանակ մեքենան կմնա այնտեղ»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց մեքենա ներկրող կազմակերպության ներկայացուցիչը` խոսելով ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ մեքենաների ներկրման հնարավոր դժվարությունների մասին:
Նրա խոսքով` այս լարված իրավիճակում մարդիկ խուսափում են մեքենա գնելուց կամ խոշոր ներդրումներ անելուց. «Եղել են դեպքեր, որ տեղեկացրել ենք` սենց է վիճակը, հնարավոր է ուշացումներ լինեն, ասել ենք, որ հստակ ժամկետ չենք կարողանա նշել, մարդիկ խուսափել են ու չեղարկել պատվերը»:
Մասնագետի փաստմամբ, այս պահին Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցների պատճառով ժամկետների հետ կապված խնդիրներ են առաջանում.
«Օրինակ` կոնտեյներներ կան, որ պետք է գնան Ռուսաստան, իսկ հիմա այս սանկցիաներով պայմանավորված չեն գնում: Այս պահին ինձ դիմել են, որպեսզի կարողանամ մի բան անել` ճանապարհին չմնան, որ գոնե կարողանան հասնել Հայաստան»:
Նույն խնդրին են բախվել ավտոմեքենա ներմուծող մի քանի այլ կազմակերպություններ եւս, վերջիններիս պարագայում պատվերները կատարելուց եւ սահմանված կանոնավոր ժամկետն անցնելուց հետո, առաքումներն ուշացել են առնվազն մեկ ամիս, իսկ շատ դեպքերում նույնիսկ ավելի.
«Նավահանգիստների ծանրաբեռնվածության հետ կապված՝ առաքման ժամկետները խախտվում են: ԱՄՆ-ից պատվեր կատարելու դեպքում ուշացումը կազմել է 10-15 օր, իսկ Վրաստանի «պերեվոզկաները» ավելի երկար են տեւում` մեկ ամիս, հաճախ նույնիսկ ավելի»:
Ավտոեքենա ներմուծող մեկ այլ կազմակերպություն եւս նշեց ուշացումների մասին, միաժամանակ պնդելով, որ իրենց գործունեության ընթացքում դրանք երկարատեւ չեն եղել.
«Մենք ամեն օր մեքենաներ ենք գնում, ամեն օր մեքենաներ ենք ստանում։ Ուշացումներ չեմ թաքցնի` կան, բայց ընդամենը մի քանի օր: Դա էլ ավելի շատ պայմանավորված էր Ամերիկայի պորտերի ծանրաբեռնվածության հետ, ինչի պատճառով մի քիչ դժվար են բարձում, իսկ բարձելուց հետո նշված կանոնավոր ժամկետներում գալիս հասնում է»:
Անդրադառնալով ավտոմեքենաների հնարավոր թանկացմանը կամ էժանացմանը՝ բոլոր մասնագետները կանխատեսեցին, որ ավտոմեքենաների գները հետագայում ավելի կբարձրանան։ Նրանց խոսքով՝ թանկացումներ առկա են թե´ սահմանված գնի, թե´ հարկերի հետ կապված: Քիչ տոկոս չեն կազմում նաեւ ներքին առաքումների գնային փոփոխությունները, դա էլ պատճառահետեւանքային կապով ավելի շատ կապված է բենզինի գների հետ։ Իսկ հետագայում ավելի կթանկանա, քանի որ հիմա ամբողջ աշխարհում մեքենաների կրիզիս է, ինչի հետեւանքով էլ թանկ են նաեւ պահեստամասերը։
Պատրաստեց Աննա Չիբուխչյանը