«Պարարտանյութի թանկացումը ուղղակի ազդեցություն է ունենալու գյուղմթերքների գնի բարձրացման վրա, այլ կերպ գյուղացին չի կարող պարզապես, քանի որ ստացվող բերքի ինքնարժեքի վրա այն էական ազդեցություն թողնելու է»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փորձագետ Հարություն Մնացականյանը` խոսելով պարարտանյութի արժեքի զգալի բարձրացման ու դրա հետեւանքով շուկայում սպասվող թանկացումների մասին:

Փորձագետը նշեց, որ այս տարի գազի թանկացման պատճառով պարարտանյութերի գները բարձրացել են մոտ 300%-ով.

«Հիմա պարարտանյութերի արժեքը 6000-ից հասել է 18.000-23.000 դրամի, կարող ենք փաստել, որ այսչափ գնաճը հիմնականում պայմանավորված է գազի գնի թանկացման հետ»։

Գիտակցելով նման թանկացման հետեւանքով առաջացող բարդությունները` ՀՀ կառավարությունը հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիր է սկսել իրականացնել, ըստ որի մեկ շահառուի հաշվով պարարտանյութ է տրամադրվելու առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար` վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50%-ի չափով սուբսիդավորմամբ:

Հարություն Մնացականյանը փաստեց, որ կառավարության կողմից առաջարկվող սուբսիդիան արդեն գործում է.

«Սուբսիդիան բավականաչափ կա, ֆերմերներից շատերն արդեն դիմել են իրենց վարչական շրջաններին, բայց որքանով ես եմ տեղյակ` այս պահին ՀՀ-ում պարարտանյութ չկա»,- եզրափակեց Մնացականյանը:

Աննա Չիբուխչյան

1026