
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել սպորտի միջազգային օրվա կապակցությամբ․ «Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) 2013 թ. օգոստոսի 23-ին տեղի ունեցած համաժողովի մասնակիցների միաձայն քվեարկությամբ ապրիլի 6-ը հայտարարեց սպորտի միջազգային օր: Այս օրը՝ ապրիլի վեցը, կարևոր իրադարձություն է, որը ուրվագծում է բարեկամություն, հարգանք և այլ համամարդկային արժեքներ: Ոմանց համար սպորտը ակտիվ և առողջ կյանքի մշտական բաղադրիչ է, ոմանց համար՝ դիտարժան հանդիսություն: Սպորտի գրավչության շնորհիվ շատերն այդ բնագավառն են ընտրում և այն դարձնում իրենց կյանքի ուղենիշը, այսինքն՝ մասնագիտությունը։ Եթե ընտրվում է սեփական ունակություններին, նախասիրություններին և բնավորությանը համապատասխան մարզաձև, և եթե համառ ես, նպատակասլաց, ողջամտորեն համատեղում ես սպորտը ուսման հետ, ապա կարող ես շատ բանի հասնել, նույնիսկ օլիմպիական պատվանդան բարձրանալ: Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր օլիմպիականներին, մարզիկներին, մարզասերներին և առողջ ապրելակերպի կողմնակիցներին»: