Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2022/2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Մասնավորապես 2020/2021 ուսումնական տարում ՀՀ կառավարության որոշմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է  151 տեղ, որից 85-ը (56.28%-ը) տրամադրվել է բնական և տեխնիկական գիտություններին, 2021/2022 ուսումնական տարում ընդհանուր 151 տեղերից բնական և տեխնիկական գիտություններին հատկացվել է 98 տեղ (64.9%-ը):

2022/2023 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից 95-ը (62.91%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին:

2020/2021 ուսումնական տարում հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 35 տեղ, որից 24-ը (68.57%-ը) բնական և տեխնիկական գիտություններին, իսկ 2021/2022 ուսումնական տարում՝ ընդհանուր 35 տեղերից բնական և տեխնիկական գիտություններին հատկացվել է 28 տեղ (80%-ը):

2022/2023 ուսումնական տարում հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից 20-ը (57.14%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին:

Բացի բնական և տեխնիկական գիտություններից անվճար ուսուցման տեղեր են հատկացվել նաև հայագիտության, արվեստի ոլորտներին և հասարակական գիտություններին:

2022/2023 ուսումնական տարում այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 2 առկա և 6 հեռակա անվճար ուսուցման տեղեր:

Նշենք, որ 2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ չլինելու պատճառով թափուր է մնացել 60 տեղ, որից 42 առկա և 18-ը հեռակա ուսուցման համակարգում: Դիմորդներ չլինելու պատճառով թափուր մնացին Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերը:

Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (Ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ) համապատասխան մասնագետներով ապահովելն է:

671